ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը ՀՀ-ին կարևոր գործընկեր է համարում Հրվ. Կովկասում

ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը ՀՀ-ին կարևոր գործընկեր է համարում Հրվ. Կովկասում

PanARMENIAN.Net - Եվրոպական միության ռազմական կոմիտեի նախագահ Ռոբերտ Բրիգերը մարտի 6-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանի հետ հանդիպմանը ներկայացրել է ռազմական և պաշտպանական ոլորտում Եվրոպական միության ռազմավարությունը և դրանից բխող առաջնահերթությունները, համաեվրոպական անվտանգության տեսլականը։

Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում, տեղեկացնում է Բրյուսելում ՀՀ դեսպանությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Բալայանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն ընդհանուր փոխգործակցության մակարդակը՝ կարևորելով դրա անվտանգային և պաշտանական բաղադրիչի ընդլայնումը։

Նա գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող զինված ուժերի մասշտաբային բարեփոխումների ծրագիրը՝ այս առնչությամբ ընդգծելով ԵՄ աջակցության անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը գործունեությունը, դեսպանը նշել է, որ այն կարևոր կայունացնող դերակատարություն ունի տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Արևելյան Եվրոպայում վերջին զարգացումների, տարածաշրջանային անվտանգության հեռանկարների ու համագործակցության հնարավորությունների շուրջ։

Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է մտածի Եվրամիությանն անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին: Նա նաև ասել է, որ Հայաստանի իշխանությունները երբեք չեն քննարկել ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը։

«Որոշում է վաղուց կայացված Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար որևիցե միջոց չխնայել, բայց ինչ-որ վեկտոր փոխելու կամ նման քննարկում տեղի չի ունեցել։ Մենք չենք քննարկում վեկտոր փոխելու հարց, մենք քննարկում ենք՝ ինչ անենք, որ նվազեցնենք վտանգները, որոնք Հայաստանի Հանրապետությանը կարող են սպառնալ», - նշել էր նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---