Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դադար է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դադար է, եւ այդ իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ առաջընթաց չարձանագրվի: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ, հայ խորհրդարանական Ստեփան Սաֆարյանը: «Հայ-թուրքական բանակցություններում դժվար թե առաջընթաց գրանցվի, եթե այսօր Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները որոշակի համաձայնության չգան Լեռնային Ղարաբաղի հարցում»,- նշել է հայ պատգամավորը` ավելացնելով, որ վերջին հաշվով, թուրքական կողմի նախապայմաններից մեկը, նրա կարծիքով, բանավոր պայման է դարձել հայ-թուրքական բանակցությունների օրակարգում:



Ինչպես նշել է Ստեփան Սաֆարյանը, դրա հետ մեկտեղ Թուրքիան այնքան հիմար չէ, որ ստորագրի փաստաթուղթ, որն իր մեջ ներառում է ԼՂ հարցը: «Այսօր Թուրքիան ինքը շատ հակամարտություններ ունի, եւ նրան պետք չեն լրացուցիչ գրավոր պարտականություններ: Սակայն, այնուամենայնիվ, նա կարողացավ հասնել նրան, որ հայ-թուրքական եւ ԼՂ բանակցությունները զուգահեռ ընթանան»,- ընդգծել է պատգամավորը:



Նման իրադարձությունների լույսի ներքո «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը վտանգավոր համարեց ԼՂ հակամարտության հարցում ցանկացած փաստաթղթի ստորագրումը նաեւ Հայաստանի նախագահի կողմից: «Ելնելով դրանից` կարելի է ասել, որ Հայաստանի իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն իրավիճակին համապատասխան գնահատական տալու մեջ: Պաշտոնական Երեւանը կոպիտ սխալներ է թույլ տվել երկրի արտաքին քաղաքականության մեջ»,- ընդգծել է ՀՀ ԱԺ պատգամավորը:
 Ուշագրավ
---