ԵԽ բանաձևում անդրադարձ կա նաև ԼՂ մշակութային ժառանգությանն ու արցախցիների անվտանգ վերադարձի ապահովմանը

ԵԽ բանաձևում անդրադարձ կա նաև ԼՂ մշակութային ժառանգությանն ու արցախցիների անվտանգ վերադարձի ապահովմանը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի ընդունած «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևն անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման կարևորությանը և լուրջ մտահոգություն հայտնում այդ ամենի ոչնչացման, վանդալիզմի ենթարկվելու և պղծվելու առնչությամբ։

Ադրբեջանին կոչ է արվում պահպանել մշակութային այդ հարստությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։

Բանաձևը Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայերի հետ անկեղծորեն ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգումը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային ներկայության ներքո։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի` ադրբեջանական կալանքի տակ գտնվող բոլոր բնակիչներին։ Ինչպես նաև կոչ է արվում անհապաղ և արդյունավետ կերպով իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները։

ԵվրախորհրդարանԸ մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։

Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---