Նախարար․ 2024-ից մեկնարկում է ջրծաղիկի պատվաստման ծրագիրը

Նախարար․ 2024-ից մեկնարկում է ջրծաղիկի պատվաստման ծրագիրը

PanARMENIAN.Net - 2024-ից Հայաստանում մեկնարկում է ջրծաղիկի պատվաստման ծրագիրը։ Այդ մասին ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է արվում կանխելու համար հիվանդությունների աճը մանկապարտեզներում։

Նախարարը նշել է, որ մարտին վարակիչ հիվանդությունների լարվածությունը նվազել է, գրում է Panorama.am-ը։

«Եթե հունվար-փետրվար ամիսներին մինչև 18 տարեկան երեխաների շրջանում բավականին ակտիվացում ունեինք սեզոնային վարակի, ապա վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատելի է թվերի նվազում՝ թե՛ հիվանդացության, թե հոսպիտալացման առումով։ Իսկ ընդհանուր առմամբ մանկապարտեզներում, դպրոցներում հիվանդացության մասով մի քանի գորոծողություններ կան, որոնք նպաստում են հիվանդությունների նվազմանը։

Առաջինը՝ պատվաստումներն են, օրինակ՝ գրիպի դեմ, եթե աշնանն անցնեն պատվաստում, ապա այս սեզոնին պաշտպանված կլինեն ծանր վիրուսներից։ Ասեմ, որ 2024-ից մեկնարկում է ջրծաղիկի պատվաստման ծրագիրը։ Կարծում եմ՝ կարևոր ներդրում է։ Հաջորդ միջոցը ՝ հիգիենային հետևելն է և հիվանդ վիճակով երեխայի մանկապարտեզ չհաճախելը»։

Հայաստանում ժամանակ առ ժամանակ լինում եմ ջրծաղիկի բռնկումներ, վերջին մեծ բռնկումը գրանցվել է 2022-ին։ Քանի որ ջրծաղիկի դեմ պատվաստումը դեռևս չի ընդգրկվել պատվաստումների ազգային օրացույցում, պատվաստումներ իրականցվում են մասնավոր կլինիկաներում, որտեղ մեկ դեղաչափի արժեքը 45-47 հազար դրամ է: Տարեկան միջինը պատվաստվում է մոտ 1000 մարդ։

Առողջապահության նախարարի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել նոր պատվաստման անհրաժեշտությունը գնահատելու համար։ Պատվաստումների ժամանակացույցը կսահմանվի 2024-ից, իսկ 2025-ին արդեն նախատեսվում է, որ բնակչության 50 տոկոսը պատվաստված կլինի գոնե մեկ դեղաչափով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---