Բագրատ սրբազանը՝ Ոսկեպարից․ Արյունը կանչում է, չի մոռացվում՝ այն նզովք է դառնալու նրանց համար, ովքեր հայրենիքը կհամարեն «անկլավ»

Բագրատ սրբազանը՝ Ոսկեպարից․ Արյունը կանչում է, չի մոռացվում՝ այն նզովք է դառնալու նրանց համար, ովքեր հայրենիքը կհամարեն «անկլավ»

PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ասված իր խոսքում նշել է, որ արյունը կանչում է, չի մոռացվում՝ այդ արյունը նաև նզովք է դառնալու բոլոր նրանց համար, «ովքեր ծնկած մեր հայրենիքը կհամարեն «անկլավ»։

Նա նշել է, որ այստեղ է կառուցված մեր տունը՝ 7-րդ դարից ի վեր, դրանից առաջ, հայտնում է Aysor.am-ը։

«Սա մեր տունն է՝ այն տունը, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անկլավ» է։ «Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք։

Մենք այսօր գտնվում ենք հենց այս վայրում և ընտրություն ենք կատարել մեր ուխտի պատարագը մատուցել այս չքնաղ տաճարում՝ վկայելու համար, որ սա մեր տունն ու Հայրենիքն է, և մենք այս գծից այն կողմ գնալու, սողալու, փախչելու իրավունք չունենք, որքան էլ կամենան թղթով մեզ դա պարտադրել։

Սա իմ տունն է, սա մեր տունն է․ այստեղ է կառուցված մեր տունը՝ 7-րդ դարից ի վեր, էլ չասեմ՝ դրանից առաջ։

Եվ մենք պիտի փաստենք, որ սա մեր տունն է։ Պիտի փաստենք, որ այստեղ առևանգված ոստիկաններ են եղել, հենց այս վայրում․ 1991 թվականին մեր եղբայրներին այստեղ են առևանգել։ Այս վայրերում այս շրջանի ամբողջ ժողովուրդը արյուն է հեղել։ Զավակ, հայր, եղբար, ընծայել է այստեղ։ Այդ արյունը կանչում է մինչև հիմա, այդ արյունը չի մոռացվում, այդ արյունը նաև նզովք է դառնալու մեզ համար և բոլոր նրանց համար, ովքեր ծնկած, ստորացած, նվաստացած՝ այս «տարածքը»՝ իրենց բնորոշումով՝ «տարածքը», մեր Հայրենիքը, կհամարեն «անկլավ», «դատարկ բնակավայր»։

«Դատարկ բնակավայրում» մեր արյունն է հեղված։ Այստեղ Հայաստան է։ Այստեղ Հայրենիք է։ Այստեղ «անկլավաստան» չէ։ Հարվածներ կրած, խոցված, մեր երկրի ամբողջ տարածքը՝ Արցախ աշխարհով, բզկտված, և հիմա էլ աչքները հառել են ձեր տներին՝ ուղղակիորեն։

Եվ մե՛նք ենք որոշելու, թե ինչպես վարվենք»,–ասել է սրբազանն իր խոսքում։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---