Աբրահամյան․ Ադրբեջանը, ի պատասխան ՀՀ «բարի կամքի», հայտարարում է` գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ

Աբրահամյան․ Ադրբեջանը, ի պատասխան ՀՀ «բարի կամքի», հայտարարում է` գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Տավուշի գյուղերի շուրջ իրավիճակին, նշել է, որ Ադրբեջանը, ի պատասխան Հայաստանի «բարի կամքի», հայտարարում է, որ գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ։

«Մինչ Հայաստանի իշխանությունը մեծ նվիրվածությամբ պատրաստակամություն է հայտնում փուլային ձևով Ադրբեջանին հանձնել 8 գյուղեր, Ադրբեջանում «վերհիշել» են, որ 90-ականների սկզբին Տավուշում սկիզբ առած մարտական գործողությունների օրերին Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ:

Մոտավորապես նույն սցենարն է ու սցենարիստն է, որը գործում էր Արցախի դեմ ագրեսիայի շրջանակում:

Ի՞նչ է ստացվում, Հայաստանի իշխանությունը հայտարարում է միակողմանի զիջումների մասին, որը մեր երկրի համար հսկայական ծանր հետևանք է ունենալու, իսկ այդ «բարի կամքի» դրսևորմանն ի պատասխան, Ադրբեջանը հայտարարում է, որ այդ գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ:

Ովքե՞ր են ադրբեջանցիների համար հանցագործներ: Բոլոր նրանք, ովքեր վերջին 30 տարիների ընթացքում մասնակցել են Արցախի և Հայաստանի ազգային-ազատագրական պայքարին, սեփական հողն ու օջախը պաշտպանել»,–ասվում է գրառման մեջ։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---