ՌԴ դեսպանատունը՝ Երևանին․ Վերադարձը «դաշնակցային նորմային» ոչ միայն հնարավոր է, այլև միակ խելամիտ լուծումն է

ՌԴ դեսպանատունը՝ Երևանին․ Վերադարձը «դաշնակցային նորմային» ոչ միայն հնարավոր է, այլև միակ խելամիտ լուծումն է

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն անդրադարձել է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32–ամյակին, որը լրացել է ապրիլի 3–ին։ Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների և գործակցության պատմությանն ու զարգացմանը՝ դեսպանատունը միևնույն ժամանակ նշել է, որ անցած տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում կուտակվել են նաև հակասություններ և փոխադարձ պահանջներ, սակայն հիմքը մնում է նույնը՝ սերտ, դաշնակցային կապեր բոլոր ոլորտներում, ինչը բխում է ինչպես հայերի, այնպես էլ ռուսաստանցիների շահերից։

«Վստահ ենք, որ Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում կուտակված դիսբալանսի շտկումը, վերադարձը «դաշնակցային նորմային ոչ միայն հնարավոր է, այլ նաև միակ խելամիտ լուծումն է»։

Նշվում է նաև, որ Ռուսաստանը և Հայաստանը ընդհանուր ինտեգրացիոն կազմակերպությունների (ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ) անդամներ են և համագործակցում են ՄԱԿ-ի կառույցներում։ Երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործում է մոտ 200 համագործակցության համաձայնագիր։ Նշվում է, որ 2024–ի հունվարի 1–ից ԵԱՏՄ–ում նախագահում է Հայաստանը և որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած առաջնահերթությունները հիմնականում համահունչ են ՌԴ տեսակետներին եվրասիական տնտեսական համագործակցության հարցում։

«Մեր փոխհարաբերություններում շատ կարևոր դեր է խաղում նաև անվտանգային ոլորտը: Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում կայունության ապահովման անգնահատելի գործոն շարունակում է մնալ ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահների ներկայությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ռուսաստանը միշտ հատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններին` որպես դաշնակցի և կարևոր գործընկերոջ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են հնագույն հայկական քաղաքակրթությունը, որը բազմադարյա պատմություն ունի, համեմատում Եվրամիության հետ, որի «գործերն այսօր ակնհայտորեն վատ են»։

Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքը կոչ է անում ՀՀ–ին զարգացնել ռազմարդյունաբերությունը՝ ՌԴ–ի հետ առճակատմանը պատրաստավելու համար։

 Ուշագրավ
---