ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ $8.5 մլն հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է մոտ $8.5 մլն հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում է մոտ 8.5 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների, հոգեսոցիալական աջակցության բավարարման համար։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։

«Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու ժողովրդավարական և բարգավաճ Հայաստանին աջակցելու մեր ջանքերը և մեր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: ԱՄՆ պետքարտուղարն այսօր առավոտյան հայտարարեց ժողովրդավարության, էներգետիկ անկախության, պարենային անվտանգության և տնտեսական ինտեգրման խթանման համար ավելի քան 65 միլիոն դոլարի նոր և նշանակալի աջակցության մասին: Ուրախ ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ ամրապնդելու համար այդքան դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները»,- ընդգծել է ՄըքՔին, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ 2023 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում է մոտ 8․5 միլիոն դոլար հատկացնել տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների, հոգեսոցիալական աջակցության բավարարման համար:

«Այս ֆինանսավորման շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն կհամագործակցի ազգային և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ՝ կոնկրետ ցույց տալու Հայաստանի ժողովրդին, որ իրենց ժողովրդավարությունը տալիս է իր պտուղները: Իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն կհոգա, որ կարիքավորներն ունենան հանրային ծառայությունների հասանելիություն՝ օգնելով Հայաստանի կառավարությանը տեղեկատվություն տարածել այդ հնարավորությունների մասին»,- ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---