ՀՀ-ում վիրաբույժների պատրաստման սիմուլյացիոն կենտրոն կստեղծվի

ՀՀ-ում վիրաբույժների պատրաստման սիմուլյացիոն կենտրոն կստեղծվի

PanARMENIAN.Net - Հայաստանում վիրաբույժների պատրաստման սիմուլյացիոն կենտրոն կստեղծվի։ Այդպիսի որոշում է կայացվել կառավարության նիստում։

«Սա նման մասշտաբի առաջին նախագիծն է Հայաստանում, որտեղ հնարավորություն է ստեղծվելու նորագույն հետազոտական, վիրաբուժական, վերակենդանացման ծառայությունները՝ սարքավորումներով հագեցած, իրական կյանքի իրավիճակներում ունենան կարողություններ, որ մեր թե՛ ռեզիդենտները, թե՛ օրդինատորները սովորելիս կարողանան զարգացնել իրենց գործնական հմտությունները և ավարտելիս ունակ լինեն անմիջապես բուժառուների հետ աշխատելու»,–ասել է նա:

Նախարարի խոսքով՝ կենտրոնում կստեղծվեն անվտանգ պայմաններ սովորելու, սխալվելու, նույն վիրահատական միջամտությունը բազմիցս կրկնելու, ծրագրային լուծումների շնորհիվ պատրաստ լինեն բուժառուների հետ աշխատելուն։

«Ծրագրի ընդհանուր արժեքը 550 միլիոն դրամ է, և մենք 2025 թվականից պատրաստ ենք լինելու այս կենտրոնի դռները բացել ոչ միայն տվյալ բժշկական կենտրոնում աշխատող, սովորող ուսանողների համար, այլ այն նաև հանրապետական նշանակության է լինելու»,–ասել է նա:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ սիմուլյացիոն կրթական կենտրոնը նախատեսվում է բացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է սիմուլյացիոն կրթական կենտրոնի տեղի հարցը տարանջատել և մեկ անգամ էլ քննարկել՝ հաշվի առնելով նաև կրթական նշանակության հանգամանքը:

«Քննարկելու համար կարճ ժամանակ ենք ունեցել, և շատ չենք կենտրոնացել տեղի հարցի վրա: Ես կառաջարկեի՝ եթե հնարավոր է՝ այդ կտորը անջատենք, ևս մեկ անգամ քննարկենք, նոր վերջնական որոշում կայացնենք»,–ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է որոշումն ընդունել առանց այդ կետի և 1 շաբաթ ժամանակ տվել վերջնական որոշման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---