Թոբիաս Քեյլ․ Ակադեմքաղաքի նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել Թամանյանական նախագիծը

Թոբիաս Քեյլ․ Ակադեմքաղաքի նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել Թամանյանական նախագիծը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Թոբիաս Քեյլը ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է, որ հիմնական քաղաքներից հեշտությամբ՝ 2 ժամում, կարելի է հասնել Ակադեմիական քաղաք, քանի որ վայրի առումով տեղանքը բավականին լավն է՝ մոտ է և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ մայրուղուն: Նրա խոսքով, նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել Թամանյանական նախագիծը՝ դրանով փորձելով կապ հաստատել Երևանի պատմության հետ:

Մանրամասներ են ներկայացվել համալսարանների տեղակայման, կացարանների, ճանապարհային ցանցի, լանդշաֆտի վերաբերյալ:

«Անցած անգամ մենք խոսում էինք «Հայֆիլմի» հետ ինտեգրման մասին: Մենք ունեցել ենք չորս հաջողակ խմբեր, որոնք շատ հետաքրքիր նախագծեր են ներկայացրել, թե ինչպես կարելի է «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը վերակենդանացնել: Հուսով եմ, որ կկարողանանք այս գաղափարները բերել Հայաստան»,- հավելել է GMP միջազգային ընկերության փոխտնօրենը:

Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ նախագծի շրջանակում ուսումնասիրվում է նաև կայունության թեման, որովհետև Ակադեմիական քաղաքն ապագայի համար է և այն պետք է կենտրոնացած լինի այնպիսի թեմաների վրա, որոնք վերաբերում են ոչ միայն այսօրվան, այլ նաև վաղվան:

Վարչապետի խոսքով, քաղաքի կոնցեպտի հետ կապված մակրոհարցեր այլևս չկան և պետք է անդրադառնալ հայեցակարգային կետերին։

«Տեսլականի առումով մենք գործնականում պրոցեսի ամեն քայլը, ամեն շարժը տեսել ենք: Հարցեր ունեցել ենք, վերապահումներ չենք ունեցել: Իհարկե, սա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական զարգացման և գույքի կառավարման մոդելի մշակման ընթացակարգերի հետ կապված թեմային:

Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման թեմայի հետ կապված՝ վարչապետն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով դեպի Ակադեմիական քաղաքի հատված կատարած շրջայցին:

«Իմ տպավորությունը, անկեղծ ասեմ, այսօրվա գոնե առաջին հատվածից ես չէի սպասում, որ մենք հիմա կգնանք և կես ժամում կհասնենք այնտեղ»- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ճշգրիտ մոդելավորման համար անհրաժեշտ է մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով մնալու է Ակադեմիական քաղաքում և ով ամեն օր գալու է և գնա:

Հանդիպմանը քննարկվել են նաև այն աշխատանքների շրջանակը, որոնք արդեն իսկ կարելի է մեկնարկել: Նշվել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո, հաջորդիվ կմեկնարկեն երկաթուղու և մշակութային հատվածի նախագծման աշխատանքները:

Քննարկումների արդյունքում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ նախագծի իրականացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ:

Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:

Ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում և դրանց հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44,000 մարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---