Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու

Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու

PanARMENIAN.Net - Ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը ներկա է եղել ոսկեպարցիների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանը խոստացել է, որ սահմանազատման խնդիրները նրանց ուզած ձևով են լուծվելու։

«Փաշինյանի ասելով` տարածքներ չեն հանձնվելու, հակառակորդը պիտի գետից այս կողմ գար, նստեր, հիմա էլ չի գա։ Նախկինում հակառակորդը պիտի գար, Ներքին Ոսկեպարի գլխի մասում նստեր, հիմա արդեն այդ մտքից պիտի հրաժարվեն։ Այս հարցը Ադրբեջանի հետ բանակցային փուլում է, պիտի որ լուծվի»,– ասլ է Մախսուդյանը։

Ըստ նրա` մնացած հատվածների մասին քննարկում չի եղել, միայն խոսվել է Ներքին Ոսկեպարի հատվածի մասին։

Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, որին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել։

«Նա ասաց 90 տոկոսով ես ձեզ երաշխիք եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու փոխանակման այս տարբերակը»,– նշել է Մախսուդյանը։

Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա, ըստ ոսկեպարցու, ՀՀ վարչապետն այդ մասին չի խոսել։

«Նա առաջարկեց այլընտրանքային ճանապարհ, որին ոսկեպարցիները դեմ էին, Փաշինյանն էլ ասաց ոնց ուզում եք, այնպես էլ կանենք»,– ասել է Մախսուդյանը հավելելով, որ Փաշինյանի հետ հանդիպումը մոտ մեկ ժամ է տվել։

Փաշինյանի հետ Տավուշ մարզ են մեկնել նաև ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Փաշինյանն այցելել է նաև Կրանց և Բերքաբեր։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել էր, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---