Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները

Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները

PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանել է ԱԳՆ այն հայտարարությունը, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը՝ պատասխանելով Արմենպրեսի հարցերին։

«Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»,–ասվում է աշխատակազմի պատասխանում։

Նշվում է նաև, որ գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:

«Կարևոր նրբությունն այն է, որ համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Կարևոր է նաև արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաև Սահմանազատման գործընթացի Կանոնակարգի մեջ, որն առաջիկա ամիսներին կհամաձայնեցվի կողմերի միջև և կանցնի անհրաժեշտ ներպետական համաձայնեցումների՝ ներառյալ խորհրդարանում հաստատման գործընթաց»,–ասվում է պատասխանում։

Աշխատակազմին հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք հայտարարության մեջ Ալմաթիի հռչակագրից հրաժարման հիմք չի ստեղծում, քանի որ ապրիլի 19–ի հայտարարության մեջ նշվում է, որ եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրում կարձանագրվի Ալմաթիի հռչակագրից տարբերվող այլ հիմնարար սկզբունք, սահմանազատման Կանոնակարգը կհամապատասխանեցվի այդ սկզբունքին:

«Ոչ: Հանձնաժողովները պարզապես արձանագրել են, որ իրենք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող ֆորմատ չեն: Այդ պայմանագիրը բանակցվում է այլ ֆորմատով և ունենալու է ավելի բարձր կարգավիճակ, նրա ուժի մեջ մտնելուց հետո, եթե պարզվի, որ Կանոնակարգը հակասություն ունի ավելի բարձր իրավական նշանակության փաստաթղթի հետ, այն պետք է համապատասխանեցվի դրան, որովհետև կրկնենք՝ Խաղաղության պայմանագրի կարգավիճակը շատ ավելի բարձր է: Ալմաթիի հռչակագիրը հիմնարար է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, և այն որպես բազային սկզբունք արդեն իսկ համաձայնեցված է բարձրագույն մակարդակում»,–պատասխանել են վարչապետի աշխատակազմից։

Պատասխանում նշվում է նաև, որ Հանձնաժողովները պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնելու են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մնացած հատվածների սահմանազատման հերթականությունը (այսինքն՝ հաջորդիվ սահմանի ո՞ր հատվածներն են վերարտադրվելու) և այս համատեքստում անդրադարձ են կատարելու նաև անկլավ/էքսկլավների հարցին:

«Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել այս խնդրից, որովհետև Արծվաշենը մեր երկրի ինքնիշխան տարածքի մի մասն է: Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը, և նման հիմնավորումներ ՀՀ կառավարությունն ունի, որից հետո արդեն կիրականացվի սահմանազատման բուն գործընթացն Արծվաշենի շուրջ: Իսկ թե այս արձանագրումից հետո ի՞նչ քաղաքական լուծում կստանա խնդիրը, այլ հարց է: Սահմանազատման գործընթացում նախ պետք է դե յուրե հիմնավորվի էքսկլավ/անկլավների գոյությունը»,–ասվում է պատասխանում։

Այն հարցին, որ փաստորեն սահմանազատումից հետո 4 գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին և ի՞նչ ժամկետներում է դա տեղի ունենալու, վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ դա տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում՝ առանց արհեստական ձգձգումների:

Պատասխանում նշվում է, որ գործընթացի արդյունքում հայաստանյան որևէ գյուղ չի զրկվում ճանապարհից:

«Ոչ: Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան»,–ասվում է պատասխանում։

Այն հարցին, թե Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի՞ ունենա, պատասխանը եղել է հետևյալը՝ «ոչ, այս փուլում նման խնդիր առաջացնելու պոտենցիալ ունեցող հատվածները չեն սահմանազատվում»:

Հարց է տրվել, թե ինչպե՞ս է ապահովվելու գյուղերի անվտանգությունը, քանի որ սահմանազատման այս գործընթացի արդյունքում մի շարք հատվածներում Ադրբեջանը ընդհուպ մոտենալու է Կիրանց, Ոսկեպար գյուղերին

«Նախ արձանագրենք, որ Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է այդ գյուղերին և նրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ: Այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման: Սա առանցքային գործոն է, և չմոռանանք նաև, որ սահմանի պահպանությունն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները: Բայցի այդ, անվտանգության ապահովման բազմաթիվ մանրամասներ կան, որոնք նույնպես առաջիկա շրջանում քննարկման և դետալացման կարժանանան»,–ասվում է պատասխանում։

Վերջին հարցը եղել է հետևյալը՝ նկարագրված գործընթացով Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, ի՞նչ է ստանում Հայաստանը:

«Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն: Հայաստանի Հանրապետությունը նաև ստանում է գործուն հարթակ և հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով և իրականացնել այն՝ ապահովելով բնակչության անվտանգային, սոցիալ-կենցաղային և իրավական անհրաժեշտ երաշխիքները»,–ասվում է վարչապետի աշխատակազմի պատասխանի մեջ։

ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---