Փոխվարչապետի գրասենյակ․ Ոսկեպարի եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում

Փոխվարչապետի գրասենյակ․  Ոսկեպարի եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է շրջանառվող խոսակցությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող, 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։

Գրիգորյանի գրասենյակից հավաստիացրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում, հայտնում է Արմենպրեսը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ իրենց բողոքն արտահայտող Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներն ապրիլի 22-ին իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, իրականացվում են ականազերծման աշխատանքներ, որպեսզի տարածքը հանձնեն Ադրբեջանին։ Այս համատեքստում խոսակցություններ էին շրջանառվում, որ Ոսկեպարի եկեղեցին ևս սահմանազատում իրականացնելուց հետո կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բնակիչներն ասում էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։

ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---