Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար

Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։

Վարչապետը զրուցել է The Guardian-ի, The Independent–ի, The Telegraph–ի, The Critic–ի, BBC–ի և Adam Smith Institute–ի ներկայացուցիչների հետ։

Նա հույս է հայտնել, որ սահմանազատման գործընթացում ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի:

«Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար: Ես ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։

Իմիջիայլոց, կարծում եմ, որ սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը։ Ցույց ենք տվել մեր անկեղծությունը, որովհետև մենք նաև հետևյալն ենք արել՝ արձանագրել ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, մասնավորապես 4 գյուղերի մասին է՝ Ղըզըլհաջիլի, Խեյրումլի, Աշաղը Ասկիպարա, Բաղանիս-Այրում, որ այդ գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա։

Բայց մենք նաև արձանագրում ենք, որ այդ նույն պրոցեսի արդյունքում պետք է նույնքան հնարավոր դառնա մարդկանց կյանքն առանց սթրեսների Հայաստանի Հանրապետության՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում, որ այդ մարդիկ իրենց տներում ապրեն, ընտանիքներ ձևավորեն, երեխաներ ունենան առանց անվտանգային մտավախությունների։

Ահա, սա այն կետն է, որի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է տեսական խաղաղության օրակարգը կարողանան վերածել կոնկրետ խաղաղ իրականության։ Եվ ճիշտ է, այս հատվածում մենք տեղային հարցի շուրջ ենք պայմանավորվել, բայց այս տեղային հարցի շուրջ պայմանավորվածությունների իրագործման որակն ավելացնելու կամ նվազեցնելու է հավատը խաղաղության օրակարգի և խաղաղության հնարավորության նկատմամբ»,–ասել է Փաշինյանը։

Նա ասել է, որ հավատում է, որ դա ավելացնելու է հավատը խաղաղության նկատմամբ՝ և՛ Հայաստանի հանրության, և՛ Ադրբեջանի հանրության շրջանում, և՛ ի վերջո նաև վստահության որոշակի պաշար է կուտակելու։

«Եկեք արձանագրենք, որ խորը անվստահություն կա: Նաև ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել սահմանազատման հարցերով հանձնաժողովների անդամների և երկու համանախագահների կատարած աշխատանքի մասին, որոնք փորձում են մոլեկուլ առ մոլեկուլ վստահություն կառուցել, որին խնամքով վերաբերվելու դեպքում դա կարող է զարգանալ, խնամքով չվերաբերվելու դեպքում կարող է փլուզվել։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը»,–ասել է Փաշինյանը։

Փաշինյանը խոսել է նաև ԼՂ տեղահանված արցախցիների վերադառնալու հավանականության մասին՝ նշելով, որ եթե դա իրատեսական լիներ, Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա:

«Պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձել է ամեն ինչ անել, ընդ որում, 2023 թվականի սեպտեմբերյան ամենավերջին օրերին մեզ մեղադրում էին, որ իբր, իհարկե այդպիսի բան չկա, բայց շատ կարևոր է նաև, որ Լեռնային Ղարաբաղում այդ պահին գործող նաև իշխանությունների որոշ շրջանակներ մեզ մեղադրում էին նրանում, որ Հայաստանի կառավարությունը թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փրկվի և տեղափոխվի Հայաստանի Հանրապետություն:

Մեր մտածածն այն ժամանակ հետևյալն էր. մենք ուզում էինք ամեն ինչ անել, որպեսզի մեր մասով պայմաններ ստեղծենք, որովհետև հասկանալի է, որ դա ամբողջությամբ մեր որոշումների տիրույթում չէր, որպեսզի անենք հնարավորը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենա: Բայց մեր ջանքերն արդյունք չտվեցին:

Եվ ընդհակառակը, ակնհայտորեն կային ուժեր, որ այդ պայմաններում Հայաստանի Հանրապետությանն ուզում էին ներքաշել պատերազմի մեջ՝ հեռուն գնացող նպատակներով»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---