Բագրատ սրբազանը՝ մայիսի 26–ի հանրահավաքի մասին․ Միասին որոշում ունենք կայացնելու

Բագրատ սրբազանը՝ մայիսի 26–ի հանրահավաքի մասին․ Միասին որոշում ունենք կայացնելու

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 26–ին իր հրավիրած հանրահավաքին ընդառաջ ուղերձ է հղել՝ կոչ անելով ժողովրդին մասնակցել և նշելով, որ այդ օրը Հանրապետության հրապարակում միասին որոշում պետք է կայացնեն։

Նա ասել է, որ ունեն բազում հարցերի պատասխաններ, և որ անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ:

«Մենք միասին ճանապարհ ենք անցել․ բարդ, բայց դեպի հաղթանակ տանող։ Ամենատարբեր հարձակումներին և ստերին պատասխանել ենք համբերությամբ, վստահությամբ և ճշմարտությամբ։ Մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, եկեք Հանրապետության հրապարակ։

Հաշտության, արդարության, ճշմարտության, Հոգևոր Հայաստանի և իրական ու հարատև խաղաղության մեր ասելիքն արդեն իսկ հաղթել է ձեր սրտերում։ Այս հաղթանակը պետք է ամրագրել։ Ամրագրելու համար անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ։ Մենք միասին որոշում ունենք կայացնելու»,–ասել է նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ավելի վաղ ուղերձ էր հղել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու շեշտել` ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Նա հանդիպումներ է ունենում տարբեր քաղուժերի հետ՝ խորհրդակցելով վարչապետին անվստահություն հայտնելու հարցի շուրջ, որի համար իմպիչմենտ առաջարկող ուժը պետք է ներկայացնի վարչապետի իր թեկնածուին։ Շատերը կարծում են, որ ամենահարմար թեկնածուն անցումային շրջանի համար կարող է լինել Բագրատ սրբազանը։ Հայտնի է, որ նա ունի նաև Կանադայի քաղաքացիություն, որից պատրաստ է հրաժարվել։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---