Մայր աթոռ․ Հարկեր չվճարելու մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, երբ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է փաստում

Մայր աթոռ․ Հարկեր չվճարելու մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, երբ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է փաստում

PanARMENIAN.Net - Մայր աթոռում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նախագահությամբ տեղի ունեցած Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովն անդրադարձել է նաև վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ հասցեին բարձրաձայնվող մեղադրանքներին, որոնց առթիվ ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ դրանք որակելով մերկապարանոնց։

Նշվում է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունն ուղղակի փաստում է ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։

«ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։

Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով և անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ։

Ցավ ենք արտահայտում, որ գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաև սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ։

Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը»,–ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ առաջիկայում պետք է քննարկվի Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու հարցը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը նշել էր, որ իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։

Մայիսի 22-ին էլ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջարկել են Հայ առաքելական եկեղեցուն, որ հարկային համակարգ ներդրվի, հավաքված ամբողջ գումարը հետագայում վերադարձվի եկեղեցուն։ Ըստ վարչապետի՝ մերժել են, որովհետև թափանցիկության ու ֆինանսական հոսքերի խնդիր ունեն։

Ըստ ՊԵԿ տվյալների՝ ՀԱԵ–ն ոչ միայն հարկեր է վճարում, այլև 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով` 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության համար և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով:

Ընթերցեք նաև․ Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---