«Զվարթնոցի» աշխատողը հրել է Նիկոլյանին՝ վայր գցելով նրան․ Լրագրողը դա հարձակում չի համարում

«Զվարթնոցի» աշխատողը հրել է Նիկոլյանին՝ վայր գցելով նրան․ Լրագրողը դա հարձակում չի համարում

PanARMENIAN.Net - Մայիսի 23–ի երեկոյան սոցցանցերում տեսանյութ է տարածվել «Զվարթնոց» օդանավակայանում արդեն ավելի քան մեկ ամիս հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի և օդանավակայանի աշխատակիցների մասնակցությամբ։

Կադրերում երևում է, որ աշխատակիցներից մեկը ուսով մի քանի անգամ հրում է Նիկոլյանին, որից հետո վերջինս վայր է ընկնում։ Տեսանյութը չունի ձայնային ուղեկցություն, ուստի հասկանալի չէ, թե ինչի մասին են նրանք խոսում։

Նիկոլյանը, մեկնաբանելով օդանավակայանի աշխատակիցների և իր մասնակցությամբ տեսանյութը, ասել է, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հարգալից են, տեղի ունեցածն էլ հարձակում անվանել չի կարելի, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Էդ վիդեոն, որ տեսել եք, նկարել ա մի մարդ, որ հեռվից` կաֆեից ա նկարել։ Մեկ–մեկ, որ ես արդեն գժվում եմ, էստեղ, էս վիճակով, 33 օր հացադուլի մեջ, մեկ–մեկ սխալներ եմ անում, նման բաներ ա լինում, բայց դա չեմ կարող անվանել իմ վրա հարձակում։ Էդ նույն անվտանգությունի աերոպորտի տղաները ինձ հա՛մ հարգում են, հա՛մ սիրում են, հա՛մ ինձ պաշտպանում են»,– ասել է Նիկոլյանը։

Նիկոլյանը հայտարարել է, որ այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ Հայաստանի իշխանությունը թողնում է, որ ինքը մահանա այստեղ։

Ֆրանսահայ լրագրողը նաև վիրավորված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության վերաբերմունքից․ ասում է՝ այս ընթացքում ոչ մի անգամ դիվանագիտական կառույցից չեն եկել և իր հետ չեն հանդիպել։ Իր հետ անձամբ չի հանդիպել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միայն աշխատակազմի ներկայացուցիչներ են եկել։

Նիկոլյանը նշել է, որ հրաժարվել է ոչ միայն սննդից, այլև իրեն առաջարկվող դեղորայքից, մինչդեռ ինքը մի շարք հիվանդություններ ունի, այդ թվում՝ սրտի խնդիրրներ, թոքի քաղցկեղ։ Նիկոլյանի խոսքով՝ այս պահին իր առողջական վիճակը բավարար է։ Ֆրանսիացի բժիշկների հետ խորհրդակցել է՝ առողջական վիճակը կսրվի մոտ 10 օրից։ Չնայած դրան, ֆրանսահայ լրագրողը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, քանի դեռ իր մուտքը հայրենիք չի թույլատրվել։

Սոցիալական ցանցերում Լեո Նիկոլյանի հետ կապված տեսանյութը տարածվելուց հետո Հայաստանի ՄԻՊ գրասենյակը հայտարարել է, որ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո պաշտպանի հանձնարարությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, արդեն համապատասխան պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից։

Ապրիլի 23-ին ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նիկոլյանն անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։ Նիկոլյանն ասել էր, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---