Հայաստանի նախագահն ազգային տարազով երկու տիկնիկ է նվիրել հավաքածուին

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել հայկական ազգային տիկնիկների հանձնման հանդիսավոր արարողությունն Արգենտինայի քաղաքացի Թերեզա Պերենիկ դե Բեյոֆատոին պատկանող հայտնի տիկնիկների հավաքածուին:

Այս տարվա հունվարի 9-ին ազգությամբ խորվաթ Թերեզա Պերենիկ դե Բեյոֆատոն նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խնդրանքով` իր հոր` Լեպոսլավ Պերինիկի կողմից երկու տասնամյակ առաջ ստեղծված տիկնիկների հավաքածուին նվիրել հայկական տարազով տիկնիկներ:

Պերենիկ ընտանիքին պատկանող հավաքածուում այժմ կան մոտ 400 տիկնիկներ` ավելի քան 150 երկրներից, որոնք հիմնականում նվիրվել են պետությունների ղեկավարների կամ առաջին տիկինների, ճանաչված քաղաքական եւ հասարակական գործիչների կողմից:



Միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության տիկնանց հանձնախմբի կողմից, մասնակցում էին Թերեզա Պերենիկ դե Բեյոֆատոն եւ նրա ազգականները, ինչպես նաեւ Արգենտինայում Խորվաթիայի դեսպան Միրա Մարտինեկը:

Իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ նախագահի կողմից նվիրաբերված հայկական տիկնիկներն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Պերենիկների հավաքածուում:

Արգենտինայում ՀՀ դեսպանին եւ նրա միջոցով` ՀՀ նախագահին ուղղված իր շնորհակալական խոսքում Թերեզա Պերենիկ դե Բեյոֆատոն նշել է, որ իր համար մեծ անակնկալ էր, որ Հայաստանի Հանրապետության նախագահն այդքան շուտ արձագանքեց իր խնդրանքին եւ այդ երկու հիասքանչ տիկնիկները նվիրեց հավաքածուին: Այս տարվա ընթացքում ես նույնանման խնդրանքով նամակներ եմ ուղարկել նաեւ այլ երկրների, այդ թվում` իմ հայրենիքի` Խորվաթիայի նախագահին, սակայն մինչ օրս միայն Հայաստանի նախագահից եմ ստացել դրական արձագանք, ինչի համար սրտանց շնորհակալ եմ, - ասել է Թերեզա Պերենիկը: Շատ կարեւոր է, որ ձեր պետության ղեկավարը` չնայած իր բարձր պաշտոնին ու գերզբաղվածությանը, շարունակում է հասանելի մնալ հասարակ մարդկանց համար», - ավելացրել է նա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---