Աբրահամյան․ Առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ սահմանների ճշգրտման հարցը

Աբրահամյան․ Առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ սահմանների ճշգրտման հարցը

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ սահմանների ճշգրտման հարցը։

Նա նշել է նաև, թե կոնկրետ ինչ ուղղությամբ և ինչ հարցեր են քննարկում կողմերը, պարզ է միայն խիստ հպանցիկ ու ընդհանուր գծերով։

«Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության փաստաթղթի շուրջ բանակցություններից հանել և ավելի ուշ քննարկել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը:

Եթե Բաքվի համար այս կետը «միջանցք» ունենալու հնարավորությունն է, ապա Հայաստանի համար, դա տարիներ շարունակ շրջափակումը ճեղքելու հնարավորությունն է, որն, իհարկե, որևէ պայմաններում, չպետք է անել «միջանցքի» գնով:

Սակայն գանք մեկ այլ կարևոր հարցին: Ադրբեջանից պնդում են, որ այս քայլին են գնացել, որպեսզի իրենց համար առաջնահերթ` ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը, հնարավոր լինի լուծել առավել կարճ ժամկետում:

Թե կոնկրետ ի՞նչ ուղղությամբ և ի՞նչ հարցեր են քննարկում կողմերը, պարզ է միայն խիստ հպանցիկ ու ընդհանուր գծերով:

Բայց առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ սահմանների ճշգրտման հարցը, որի ուղղությամբ Ադրբեջանը վերջին 4 տարիներին կոնկրետ ակտիվ աշխատանք է տարել կա´մ ՀՀ-ից ագրեսիայի կա´մ շանտաժի գնով տարածքներ խլելով»,–ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 1–ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը։ Նշվել է, որ բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով։ Ըստ պայմանավորվածության՝ կանոնակարգի համաձայնեցումից հետո պետք է սկսվի ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։

 Ուշագրավ
---