Արտաքին հետախուզության ծառայությանն առաջարկվում է նոր լիազորություններ վերապահել

Արտաքին հետախուզության ծառայությանն առաջարկվում է նոր լիազորություններ վերապահել

PanARMENIAN.Net - Առաջարկվում է Արտաքին հետախուզության ծառայությանը նոր լիազորություններ վերապահել, այդ թվում՝ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն։ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Արտաքին հետախուզության ծառայության մշակած նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հարթակում։

Ըստ հիմնավորման, նախագծով առաջարկվում է նաև․

-Սահմանել, որ Ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչկանա հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում և ծավալներով,

-Ծառայությանը վերապահել լիազորություններ իր գործունեության բնագավառում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու, անձանց նման տեղեկություններին առնչվելուն թույլտվություն տալու, ստուգողական միջոցառումներ իրականացնելու և այլ հարցրեում։ Բացի այդ, ակնկալվում է պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու և վերոշարադրյալ մյուս հարցերում հասնել Լիազոր մարմնի և Ծառայության լիրազորությունների հստակ տարանջատման և տարընկալումների բացառման։

Նշվում է, որ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա:

Նորաստեղծ Արտաքին հետախուզության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, այն ղեկավարում է նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։ Ծառայությունն, ըստ օրենքի, իր գործունեության բնույթով պայմանավորված առնչվելու է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, բացի այդ իր իրավասության սահմաններում պետք է իրականացնի նման տեղեկությունների պահպանություն և պաշտպանություն։ Ծառայությունը բաց և գաղտնի մեթոդներով տեղեկություններ է հավաքելու Հայաստանի անվտանգության, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտների մասին և դրանք փոխանցելու է վարչապետին։

 Ուշագրավ
---