Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով10 սեպտեմբերի 2024 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ փոխնախարար Մուհամեդ Հասան Շեյխոլեսլամին, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն- 2024» միջազգային համաժողովում, ասել է, որ Իրանի և Հայաստանի սահմանները խաղաղության, բարիդրացիության, հույսի և կյանքի սահմաններ են։ Նա նշել է, որ Իրանը համաձայն է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով, հայտնում է Արմենպրեսը։ Նա հավելել է, որ ունենալով պատմական և մշակութային բազմադարյա կապեր Հայաստանի Հանրապետության հետ, Իրանի կառավարությունն ունի այդ կապերը բոլոր բնագավառներում և բոլոր ուղղություններով խորացնելու ցանկություն։ «Իրանն այսօր շարժիչ ուժ է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար և պատրաստ է ամբողջությամբ կառուցողական գործընթացներին։ Այս համատեքստում մենք ողջունում ենք խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կարևորելով նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը երկու հարևանների միջև։ Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման գործում։ Կողմ ենք միասնական տարածաշրջանի հայեցակարգին՝ զարգացնելով բարիդրացիության կացութաձևը։ Անշուշտ, համաձայն ենք նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու, ինչպես նաև նրանց տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքը։ Մենք հարգում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շահերն այս տարածաշրջանում»,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը։ Նա հույս է հայտնել, որ Հարավային Կովկասը չի լինի հակամարտությունների կամ արտաքին մրցակցությունների ասպարեզ, ուստի իրանական կողմը կարևորում է համատեղ օրակարգերի հաստատումն ու հարգում է միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Դիվանագետի կարծիքով՝ հայկական կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնարար կետերից է տարածքային ամբողջականության, երկրների ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հարգումը, ինչին աջակցում է նաև Իրանը։ Դիվանագետը շեշտել է, որ նորընտիր նախագահ Փեզաշքիանի վարչակազմի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հիմքում ընկած է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները խորացնելու գործառույթը։ «Իրանն ունի խորքային քաղաքակրթական, պատմական ու մշակութային կապեր տեղի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ, որոնք ներառում են ընդհանուր ժառանգությունն ու բարիդրացիական հարաբերությունները։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանն ունի ռազմավարական մեծ նշանակություն այլ կենտրոնների համար։ Տարածաշրջանի անվտանգությունն ուղղակիորեն կապ ունի Իրանի հյուսիսային սահմանների հետ, ուստի մեզ համար էական է հարատև խաղաղության ու կայունության հաստատումը Հարավային Կովկասում։ Տնտեսական առումով մեր տարածաշրջանը կարևոր է էներգակիրների ու հանքանյութերի առկայության առումով։ Այստեղով են անցնում կենսական նշանակություն ունեցող էներգետիկ գազամուղերն ու նավթամուղեր։ Իրանը շահագրգռված է այդ հաղորդակցությունների արդյունավետ օգտագործմամբ, որպեսզի ընդլայնվեն կապերը Եվրոպայի և Ասիայի հետ։ Այդ նպատակով մեր երկիրը պատրաստ է տրամադրել իր համապատասխան ենթակառուցվածքները՝ խթանելով հնարավոր համագործակցությունը Կենտրոնական, Հարավային, Արևելյան Ասիայի և Պարսից ծոցի գործընկեր պետությունների հետ»,- նշել է ԻԻՀ փոխարտգործնախարարը։ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։ ՀՀ–ում Իրանի դեսպանը նշել է, որ լսել է մասնավոր ընկերության մասին, բայց հավելել է, որ իր տեղեկություններով՝ խոսքն անվտանգության ապահովման մասին չէ։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հաստատել էր, որ խոսվում է ճանապարհի վերահսկողությանը մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց հավելել էր, որ մանրամասները դեռ հայտնի չեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |