Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի

Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի

PanARMENIAN.Net - Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կարծիքով՝ նոյեմբերին Բաքվում տեղի ունենալիք COP29 գագաթաժողովի ընթացքում ադրբեջանական բանտում գտնվող հայերի ազատ արձակման հարցը պետք է լինի օրակարգում և քննարկվող հարցերի մաս կազմի։ Օկամպոն այդ մասին ասել է Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում՝ ուղերձ հղելով COP29 գագաթնաժողովի մասնակիցներին և որոշում կայացնողներին։

Նա չափազանց կարևոր է համարել այն հանգամանքը, որ այդ գագաթնաժողովի ժամանակ մասնակիցների կողմից չարհամարհվի Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի խնդիրը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ հայ գերիներն ազատ կարձակվեն գագաթնաժողովից առաջ, հայտնում է Արմենպրեսը։

Նրա դիտարկմամբ՝ Բաքվում անազատության մեջ գտնվող հայերը գերիներ են, այլ ոչ թե ռազմագերիներ։

«Այն մարդիկ, ովքեր հիմա գտնվում են Բաքվի բանտերում, նրանք պարզապես Արցախի առաջնորդներն էին։ Սա տխրեցնող է, սակայն նման է նրան, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, քանի որ այն ժամանակ թուրքերի առաջնային առաքելությունը հայերի առաջնորների վերացումն էր։ Սա նույնն է, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում», - ընդգծել է Օկամպոն։

Նա վերահաստատել է իր այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների ազատման հարցը պետք է լինի COP29-ի օրակարգում և քննարկումների մաս կազմի։

Օկամպոյի հիմնական ուղերձը հետևյալն է․ «Ազատե՛ք հայ պատանդներին, դադարեցրե՛ք ցեղասպանությունը»։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
---