Վարչապետ․ Պնդումները, թե ՀՀ–ն համաձայնել է, որ իր տարածքով բեռների տեղաշարժի անվտանգությունը 3-րդ երկիր ապահովի, խեղաթյուրված են

Վարչապետ․ Պնդումները, թե ՀՀ–ն համաձայնել է, որ իր տարածքով բեռների տեղաշարժի անվտանգությունը 3-րդ երկիր ապահովի, խեղաթյուրված են

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ ՀՀ իշխանությունը լիովին երաշխավորում է իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը։

Նա հայտարարել է, որ այն պնդումները, թե ՀՀ–ն համաձայնել է, որ իր տարածքով բեռների տեղաշարժի անվտանգությունը երրորդ երկիր ապահովի, իրականությանը չեն համապատասխանում, հայտնում է Aysor.am-ը։

«Այն բոլոր պնդումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր թե համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքի ենթակառուցվածքների անվտանգությունը, ընդամենն իրականության խեղաթյուրումներ են։ Ուզում եմ ավելացնել, որ նույնպիսի խեղաթյուրումներ են այն պնդումները, թե իբր Հայաստանը համաձայնել է ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների»,- ասել է նա։

Ավելի վաղ Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում, անդրադառնալով ապաշրջափակման հարցին, ասել էր, որ ճանապարհները պետք է գործեն ՀՀ ինքնիշխանության, իրավազորության ներքո։ Ավելի վաղ նա ասել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին։ Նա հավելել է, որ փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր՝ նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ։

 Ուշագրավ
---