Վարչապետ․ ՍԴ որոշումը փարատել է ՀՀ կողմից տարածքային պահանջների վերաբերյալ բոլոր մտահոգությունները

Վարչապետ․ ՍԴ որոշումը փարատել է ՀՀ կողմից տարածքային պահանջների վերաբերյալ բոլոր մտահոգությունները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում ասել է, որ ՍԴ որոշումը փարատել է ՀՀ կողմից տարածքային պահանջների վերաբերյալ բոլոր մտահոգությունները։

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 23-ին վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը», հայտնում է Արմենպրեսը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ուժի մեջ մտնելուց հետո կակտիվացնի երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։

«Երկու երկրներում նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիմնարար սկզբունքների հիման վրա։

Կցանկանայի հատկապես ընդգծել (ի դեպ), որ այս իրավական փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և վերացրեց բոլոր փաստարկները՝ իբր Հայաստանի Սահմանադրության մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ, արձանագրելով, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական»,- եզրափակել է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
---