Վարշավան պատրաստ է աջակցել ՀՀ–ին եվրոպական ընտանիքում ներգրավվելու հարցում

Վարշավան պատրաստ է աջակցել ՀՀ–ին եվրոպական ընտանիքում ներգրավվելու հարցում

PanARMENIAN.Net - Լեհաստանը ցանկանում է քննարկումներ սկսել Եվրամիության Արևելյան գործընկերության ֆորմատը վերականգնելու ուղղությամբ՝ այն որոշակի փոփոխությունների ենթարկելու միջոցով։ Այդ մասին Երևանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

Նա ասել է նաև, որ Վարշավան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրոպական ընտանիքում ներգրավվելու հարցում, հայտնում է Արմենպրեսը։

«Վարշավան ցանկանում է վերականգնել Արևելյան գործընկերության ֆորմատը՝ ապագայում այն մի փոքր փոփոխության ենթարկելով։ Լեհաստանը ցանկանում է սկսել այդ քննարկումները և ուզում է մասնակցել այդ գործընթացին։

Մենք ընկերներ ենք, մենք Հայաստանի բարեկամն ենք։ Մենք շատ դրական վերաբերմունք ունենք հայ ժողովրդի, Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Հայերը շատ մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության մեջ։ Մենք ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին ներգրավենք եվրոպական ընտանիք։ Եթե հայկական կողմը մի փոքր հետաքրքրվածություն ցուցաբերի իր կողմից, ապա մենք պատրաստ ենք օգնել։ Որպես Լեհաստանի նախագահ՝ հայտարարում եմ, որ ցանկացած խնդրանքի դեպքում մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին», - ընդգծել է Դուդան։

Դուդան հայտարարել է, որ Եվրոպական միության խորհրդում նախագահությունը ստանձնելուց հետո Լեհաստանը մտադիր է իրագործել բոլոր ստանձնած պարտավորություններն, այդ թվում՝ ջանքեր գործադրել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ, գրում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ 2025–ից Լեհաստանը կստանձնի Եվրոպական միության խորհրդի նախագահությունը, որի ընթացքում Վարշավայի գերակա խնդիրն է լինելու ձեռնարկել բոլոր գործողությունները, որոնք ուղղված են այդ գործընթացին։

«Եթե խոսում ենք վիզաների ազատականացման մասին, ապա դա նույնպես անմիջականորեն կապված է այն որոշումների հետ, որոնք կայացվում են ԵՄ-ի մարմինների կողմից, և այդտեղ նույնպես Լեհաստանը որոշումներ կայացնելու հնարավորություն է ունենալու», - ասել է Դուդան։

Լեհաստանի նախագահը նաև հավելել է, որ Վարշավան ջանքեր կգործադրի՝ կատարելու և իրականացնելու այն ամենն, ինչի վերաբերյալ պարտավորություն կստանձնի։

ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագիրը մեկնարկել է 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում կայացած ԵՄ և Արևելյան գործընկեր պետությունների ղեկավարների գագաթնաժողովով (ԵՄ անդամ 27 երկիր + գործընկեր 6 երկիր` Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, Ուկրաինա):Արևելյան գործընկերությունը նախատեսում է ավելի սերտ քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում ԵՄ հետ։ 2022–ի ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Արևելյան գործընկերության շրջանակներում աշխատանքները դադարեցվել են։

 Ուշագրավ
---