ԱԳՆ-ն՝ հայկական բեռնատարների մասին. Հարցը բարձրացվել է Միրզոյան–Արաղչի զրույցի ժամանակ

ԱԳՆ-ն՝ հայկական բեռնատարների մասին. Հարցը բարձրացվել է Միրզոյան–Արաղչի զրույցի ժամանակ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իրանական մաքսատանն արտասահմանյան համարանիշերով բեռնատարների համար դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման հարցը քննարկել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում: Այդ մասին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ հայկական բեռնատարների վարորդները փակել էին դեպի «Ագարակ» անցակետ տանող ճանապարհը։ Գործող կանոնների համաձայն՝ հայկական բեռնատարները Իրան են մտնում դատարկ բաքերով, որոնք վերադարձին պետք է լիցքավորված լինեն։ Բայց վերջին օրերին մաքսատանը վառելիքի գինը կտրուկ բարձրացել է։

ԱԳՆ–ն հայտնում է, որ ԻԻՀ-ում վառելիքի գների բարձրացման հետևանքով ստեղծված իրադրության պատճառների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և առկա իրավիճակից ելքեր փնտրելու նպատակով ԱԳ նախարարությունը նախաձեռնել և շարունակում է քննարկումներն իրանական կողմի հետ' ակնկալելով, որ իրավիճակը կկարգավորվի հնարավոր սեղմ ժամկետում:

«Տեղեկացնում ենք նաև, որ հարցը բարձրացվել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ»,- հայտնել է գերատեսչությունը։

ԱԳՆ ղեկավարների վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին։ X-ի իր էջում Միրզոյանը գրել էր, որ անդրադարձ է կատարվել օրակարգային թեմաների, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված համագործակցության այնպիսի ոլորտներում, որոնք հետագայում կարող են օգտակար լինել երկու երկրների քաղաքացիների համար։

Sputnik Արմենիայի տվյալներով՝ իրանական մաքսատան լցակայանում վերջին օրերին վառելիքի գինը հասել է 9 հազար դրամի (դեռ վերջերս 7500-7800 դրամ էր, իսկ դրանից առաջ՝ ավելի էժան)։ Մինչդեռ նույն իրանական վառելիքը սահմանի հայկական կողմում կարելի է ձեռք բերել 7300-7500 դրամով։

 Ուշագրավ
---