ՀՀ և Կանադայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել![]() 7 դեկտեմբերի 2024 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև: Խորհրդակցություններում հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կանադականը՝ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց, Ֆրանսիայում և Մոնակոյում Կանադայի դեսպան Ստեֆան Դիոնը: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկայի վերաբերյալ՝ ընդգծելով Հայաստանի և Կանադայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և անվտանգությանը վերաբերող հարցերին: Կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստան-Կանադա երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Կանադայի դիրքորոշումը՝ ի պաշտպանություն ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը, ինչպես նաև Կանադայի դերը Հայաստանում ընթացող բարեփոխումներին: Պարույր Հովհաննիսյանը նաև անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Դեկտեմբերի 6–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով համատեղ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ վերջին զարգացումներին: Վարչապետ Փաշինյանն այս համատեքստում անդրադարձել է տարբեր հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշումներին: Ստեֆան Դիոնը շեշտել է, որ Կանադան իր աջակցությունն է հայտնում խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |