Մելանի Օ՛Բրայեն․ Անպատժելիությունը հանգեցրել է նրան, որ այսօր իրականացվում են նոր ցեղասպանություններ

Մելանի Օ՛Բրայեն․ Անպատժելիությունը հանգեցրել է նրան, որ այսօր իրականացվում են նոր ցեղասպանություններ

PanARMENIAN.Net - Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օ՛Բրայենը, որը մասնակցում է Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին, իր ելույթում նշել է, որ անպատժելիությունը հանգեցրել է նրան, որ այսօր իրականացվում են նոր ցեղասպանություններ։

Նրա կարծիքով՝ շատերը կենտրոնանում են զանգվածային սպանությունների վրա, սակայն «ցեղասպանություն» եզրույթը, որի սահմանումը տրված է համապատասխան կոնվենցիայում, ներառում է ոչ միայն սպանությունները, այլև այն հանցագործությունները, որոնք առնչվում են մարդկանց նսեմացմանն ու զրկանքներին, որոնք կարող են հանգեցնել զանգվածային սպանությունների, հայտնում է Արմենպրեսը։

«Դատական ատյանները, հատկապես Արդարադատության միջազգային դատարանը կարող են կայացնել որոշումներ, որոնք կկանխեն հետագա զանգվածային ոճրագործություսններն ու ցեղասպանությունների շարունակականությունն ու ընդլայնումը։ Առկա են օրինակներ, երբ մարդկության դեմ ուղղված մերօրյա հանցագործությունները կարող էին ժամանակին կանխվել, ինչը, սակայն չի արվել։ Նման գործընթացների ականատեսն ենք Սուդանում, Միանմայում, Պաղեստինում։ Եթե մեղավորները ձերբակալվեին ու ենթարկվեին պատասխանատվության, գուցե մյուսներն իրենց ոճիրներն իրականացնելուց առաջ լավ կխորհեին այդ մասին։ Անպատժելիությունը հանգեցրել է նրան, որ այսօր իրականացվում են նոր ցեղասպանություններ»,- ասել է Օ՛Բրայենը։

Օ՛Բրայենի կարծիքով՝ այն երկրները, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը, պետք է անվերապահորեն կատարեն դրա բոլոր դրույթները և իրենց տարածքներում ձերբակալեն ու միջազգային արդարադատությանը հանձնեն պատերազմական հանցագործներին և ցեղասպանական գործողություններ իրականացրած ոճրագործներին, և դրանով իսկ կատարեն Արդարադատության միջազգային դատարանի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները։ Որպես օրինակ Օ՛Բրայենը վկայակոչեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և այդ երկրի պաշատպանության նախարարի նկատմամբ վերջերս կայացված վճիռը, սակայն ափսոսանքով նշեց, որ որոշ երկրներ հայտարարել են Նեթանյահուին չձերբակալելու մասին, եթե նա այցելի այդ երկրներ, ինչը վկայում է ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---