Օկամպոն ԼՂ ժողովրդի վերադարձի հնարավորություններ է տեսնում

Օկամպոն ԼՂ ժողովրդի վերադարձի հնարավորություններ է տեսնում

PanARMENIAN.Net - Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր հայրենիք վերադառնալու բոլոր հնարավորություններն ունի։ Նա նման կարծիք է հայտնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակում տված հարցազրույցում, հայտնում է Արմենպրեսը։

«Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ։ Դա չի կարող անտեսվել։ Պետք է շարունակել պայքարել։ Դուք պետք է շարունակեք պայքարել: Պարտվում եք այն օրը, երբ դադարեցնում եք պայքարը: Հարկավոր է օգնել նրանց պայքարին՝ իրենց վերադարձի իրավունքի համար»,- ընդգծեց Օկամպոն։

Նա հավելել է, որ Ադրբեջանը ճանաչում է, որ հայերը Լեռնային Ղարաբաղում գտնվելու իրավունք ունեն, հետևաբար անհրաժեշտ է պայքարել ԼՂ-ի հայերի իրավունքների համար:

Անդրադառնալով հարցին, թե 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կարելի՞ է արդյոք որակել որպես ցեղասպանություն՝ Լուիս Մորենո Օկամպոն դրական պատասխան տվեց՝ նկատելով, որ ցեղասպանությունը պարզապես զանգվածային սպանությունները չեն, ինչպես, օրինակ, տեղի է ունեցել 1915 թվականին:

«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները պարունակում են ցեղասպանության բոլոր մեթոդներն ու ձևերը՝ պայմաններ ստեղծելով մարդկանց խմբին ոչնչացնելու համար․ դա Լաչինի միջանցքի շրջափակումն էր, Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության փախուստի դիմելը, ինչպես նաև հայերին հասցված լուրջ հոգեկան վնասները, վախը և այլն։ Այս բոլորը ցեղասպանության հատկանիշներ են։ Եվ դա նույնպես ցեղասպանություն է»,-ասել է զրուցակիցը՝ շեշտելով, որ բոլոր այս դեպքերում մարդիկ պետք է պաշտպանված լինեն, և նրանց իրավունքները պետք է վերականգնվեն:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Լուիս Մորենո Օկամպոն նկատել է, որ հայերն առաջին հերթին պայքարում են արդարության և հիշողության համար։

«Հայաստանը ցույց է տալիս, որ հիշողության համար պայքարելը կարևոր է»,-ընդգծել է նա:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ Թուրքիան երբևէ ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նա շեշտել է․ «Մենք չգիտենք դա, բայց մենք պետք է ներգրավենք Թուրքիային և բացատրենք: Երիտասարդ սերունդը տարբեր է։ Կարծում եմ, որ մենք կարող ենք ներգրավել նրանց և քննարկել այդ հարցը»:

Օկամպոյի բնորոշմամբ՝ հիմա ամենակարևորն այն է, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, և, մասնավորապես այն, ինչ տեղի է ունենում Բաքվի բանտում գտնվող 23 հայերի հետ։

«Նրանք պատանդներ են, իսկ նրանց պատանդ պահելու ուղերձն այն է, որ, եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, ապա հարձակման կենթարկվեք։ Մենք պետք է ինչ-որ բան անենք նրանց համար»,-ընդգծել է Օկամպոն։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---