Մի շարք ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջպետական դատական գանգատներից

Մի շարք ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջպետական դատական գանգատներից

PanARMENIAN.Net - Մի շարք հասարակական կազմակերպություններ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջպետական դատական գանգատներից, շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ, հրաժարվել ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարման մտադրությունից։

ՀՀ վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլ առաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։

ՀԿ–ները վարչապետի նման առաջարկը համարում են խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։

«Սույնով պնդում ենք, որ՝ ՀՀ կողմից միջազգային դատական ատյաններին ներկայացված հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող միջպետական քաղաքական փաստաթղթերով, հատկապես եթե դրանց կատարումն ապահովող առնվազն համարժեք մեխանիզմ նախատեսված չէ։

ՀՀ ստանձնել է հստակ պարտավորություն՝ իր քաղաքացիների և իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովելու այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) միջպետական գանգատներից հրաժարվելը կհանդիսանա Կոնվենցիայով ստանձնած այս պարտավորության խախտում։

Ռասայական խտրականության արգելքը ճանաչված է որպես jus cogens, որը ստեղծում է erga omnes պարտավորություններ, որից որևէ վերապահում կամ շեղում չի թույլատրվում։ Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների իրականացվող հետևողական և շարունակական լայնածավալ հայատյաց քաղաքականությունը, խտրականություն ու ատելություն պարունակող հրապարակային հայտարարությունները, որոնք շարունակում են հնչել անգամ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ, Արդարադատության միջազգային դատարանում ռասայական խտրականության հիմքով միջպետական գանգատից հրաժարվելը հավասարազոր կլինի ռասայական խտրականության քաղաքականությունը արտոնելուն և կհանդիսանա Կոնվենցիայով ստանձնած պարտավորության խախտում, այդ թվում՝ «անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն»։

Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ դա թույլ կտա նրան խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն և զանգվածային խախտումների համար, ինչպես նաև միջազգային բարձրագույն դատական ատյանի կողմից հաստատված հայատյացության պետական քաղաքականություն վարելու և ռասիստական պետություն ճանաչվելուց»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ներկայացված դատական հայցերը, ի թիվս այլնի, վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների և բռնի անհետացման, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու, ազատության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումների, սեփականության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և այլ հիմնարար իրավունքների խախտումների։ ՄԻԵԴ ներկայացված գանգատներից մեկը վերաբերում է հայազգի ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտումներին։

«ՀՀ վարչապետն իր առաջարկում ներկայացրել է «ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը», այս պայմաններում միջազգային իրավական գործընթացները միակ արդյունավետ միջոցն են ապահովելու Արդբեջանում պահվող հայազգի անձանց իրավունքները։ Ավելին, ՀՀ կառավարությունը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը անհապաղ և առանց որևէ նախապայմանների բոլոր պահվող անձանց ազատ արձակելու ու հայրենադարձելու ուղղությամբ։

Այս հարցն առավել կարևոր է դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող խաղաղության պայմանագրի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության և կոպտագույն խախտումներ կատարած անձանց պատժի ենթարկելու հարցեր չեն քննարկվում։ Մինչդեռ, միջազգային պրակտիկայում առկա չէ կոնֆլիկտից հետո երկարատև խաղաղություն ապահովելու որևէ փորձ, որը չի ներառում արդարադատության ապահովման միջազգային մեխանիզմներ»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել՝ այդ քաղաքականության արտացոլումն է, ի թիվս այլնի, Արցախի բռնի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը, հայկական գերեզմանների և սեփականության ոչնչացումը, հայերին և հայկական պետությունը որպես ֆաշիստական որակումը և ուղղակի սպառնալիքները ՀՀ գոյությանը։

«ՀՀ իշխանությունները առաջնային պարտավորություն ունեն պաշտպանելու ՀՀ քաղաքացիների և իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները զանգվածային և համակարգային խախտումներից, ինչպես նաև կանխելու խախտումներին հանգեցնող սպառնալիքները։ Միջազգային դատական ատյաններ ներկայացված բոլոր գանգատները միտված են ՀՀ այս պարտավորության կատարմանը, և դրանցից հրաժարումը իրավունքների պաշտպանության առումով, նշանակում է հրաժարում ստանձնած հանձնառություններից և պարտավորություններից։ Ավելին, մենք վստահ ենք, որ ՀՀ կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների համար անպատժելիության, ինչը երկրի միջազգային, այդ թվում՝ ՀՀ կողմից վավերացրած Ժնևի կոնվենցիաներով և Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների ուղղակի խախտում է։

Ավելին, մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու փոխարեն ՀՀ կառավարությունը պարտավոր է դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից իրականացրած մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին, այն անընդունելի է հետևյալ հիմնավորումներով՝ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծված համարվել՝ օրինականացնելով ուժի կիրառմամբ վեճի լուծումը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և դրա բնակիչների իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումները և էթնիկ զտումը։

ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարմամբ ՀՀ իշխանությունների կողմից կնշանակի ընդունել ռազմական ճանապարհով հակամարտությունները լուծելու օրինականությունը, ինչը ոչ միայն հենց Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների կոպիտ խախտում կհանդիսանա, այլև ուղղակի սպառնալիք կլինի ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար»,–ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ–ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ–ն, «Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան» ՀԿ–ն, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ն, «Փոփոխություն» ՀԿ–ն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Փինք» իրավապաշտպան ՀԿ–ն, «Էկոլուր տեղեկատվական» ՀԿ–ն, Գորիսի մամուլի ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ–ն, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամը, «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ–ն, Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ–ն, «Արբանե» հիմնադրամը։

 Ուշագրավ
---