ԱԺ նախագահ․ Խաղաղության պայմանագրում ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ կետ չկա

ԱԺ նախագահ․ Խաղաղության պայմանագրում ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ կետ չկա

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ որևէ կետ չկա, և այդ թեմայով քննարկում չի ընթանում։ Նա հստակեցրել է, որ նման պահանջ չի առաջադրվել։

«Խաղաղության պայմանագրի մեջ Սահմանադրության վերաբերյալ կետ չկա: Եվ նման քննարկում գոյություն չունի: Մնացած երկու կետերի վերաբերյալ, որ Բայրամովն ասել է, քննարկումները կշարունակվեն: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ շատ դրական է այն փաստը, որ հակառակ կողմը նույնպես նշում է, որ մնացել է երկու կետ, որը պետք է քննարկել»,- ասել է Սիմոնյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե իբր քննարկվում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, հայտնում է Արմենպրեսը։

ԱԺ նախագահը հավելել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո սպասվում էին նոր պատերազմներ և լարվածություն, սակայն որոշակի ջանքերի շնորհիվ իրավիճակը վերահսկվել է։

«Մենք կարողացանք ինչ-որ ձևով կառավարել, գալ, հասնել այն բանին, որ ունենք համաձայնեցված մեկ տասնյակից ավելի կետեր: Դա, իմ կարծիքով, շատ մեծ հաղթանակ է երկու կողմերի համար: Ունենք երկու պետությունների միջև կնքված առաջին իրավական փաստաթուղթը, որը պատմության մեջ աննախադեպ բան է։ Ունենք դելիմիտացված սահման, ունենք համաձայնեցում, տրամաբանություն՝ այդ սահմանի գործընթացը շարունակելու: Այո՛, ես համարում եմ, որ գործընթացը դրական է: Եվ ողջունում եմ այն հայտարարությունը, որ ունենք ևս երկու կետ, որոնց վերաբերյալ մենք պետք է դեռ քննարկումներ իրականացնենք»,- նշել է Սիմոնյանը։

Անդրադառնալով Ադրբեջանից հնչող միջազգային ատյաններից միմյանց հայցերը հետ կանչելու պահանջին՝ Սիմոնյանը հայտնել է, որ հարցը քննարկվում է, և կողմերը կհասկանան՝ արդյոք նման քայլն օգտակար է Հայաստանի համար, թե ոչ։ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի դեմ նույնպես ներկայացված են դատական հայցեր։

Սիմոնյանը նշել է նաև, որ այս պահին խաղաղության պայմանագրի տեքստում գերիների վերադարձի կետի ավելացման հնարավորություն չկա։

«Դա առանձին թեմա է, որով անընդհատ զբաղվում ենք: 150-ից ավելի գերի ունեինք, հիմա ունենք 23 հաստատված գերի, որից 11-ը Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն է»,- հավելել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։

Նա հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

 Ուշագրավ
---