Մայր աթոռն արձագանքել է Փաշինյանին․ Հրամայական է Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը

Մայր աթոռն արձագանքել է Փաշինյանին․ Հրամայական է Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը հրամայական է ` կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործությունները։ Այդ մասին հայտնել են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։

«Հայոց ցեղասպանությունը ոճրագործություն է ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ»,– ընդգծել են Մայր աթոռից։

Մայր աթոռից նաև հիշեցրել են որ դեռ 1921 թ. Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց եղեռնի զոհերի հիշատակի օր։

Բացի այդ, Հայոց ցեղասպանության 50–րդ տարելիցին պետական հատուկ որոշմամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, ինչպես նաև աշխարհի տարբեր կողմերում վեր խոյացած հուշակոթողները Եղեռնի դատապարտման հարցում ազգային, պետական և եկեղեցական միահամուռ կամքի և վճականության համընդհանուր դրսևորում են։

«Նվիրական այս օրը հուշակոթողների առջև ամենուր իր աղոթքն ու խոնարհումն է բերում մեր ժողովուրդը։ Իսկ 2015 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ընթացքում «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նահատակված հայորդիների սրբադասման արարողությունը, որն ինքնին խոսուն վկայություն է Հայոց Եկեղեցու դիրքորոշման»,– ընդգծել են Մայր Աթոռից։

Հայոց ցեղասպանությունն առաջինը 1965 թվականին պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը, որին հետևել են ևս 27 երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։ Բացի այդ, մի շարք միջազգային կազմակերպություններ և կառույցներ, ներառյալ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, նույնպես ընդունել են ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթեր։

 Ուշագրավ
---