Քոչարյանը կառուցողական է որակել ԱԺ–ում անհետ կորածների հարզատաների հետ հանդիպումը․ Ծնողները դժգոհ են

Քոչարյանը կառուցողական է որակել ԱԺ–ում անհետ կորածների հարզատաների հետ հանդիպումը․ Ծնողները դժգոհ են

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովում կայացած փակ քննարկումը, որին մասնակցել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու պետական կառույցների ներկայացուցիչները, տևել է մոտ 5 ժամ։ Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հանդիպումը եղել է կառուցողական և շարունակական բնույթ է ունենալու։

«Կոնստրուկտիվ քննարկում էր, և շատ կարևոր էր բոլորիս համար»,– նշել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ մեկ ամիս անց նախատեսվում է նոր հանդիպում, որի ընթացքում արդեն որոշ հարցեր լուծված կլինեն, հայտնում է Արմենպրեսը։

Քոչարյանի խոսքով՝ քննարկման ընթացքում հնչած հարցերի մի մասը դեռևս պատասխաններ չի ստացել, և անհրաժեշտ է աշխատել դրանց լուծման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ գործընթացը բարդ է, սակայն անհրաժեշտ է համատեղ ջանքերով գտնել խնդրի լուծման ուղիներ։

«Կարծում եմ՝ այս ամենի մեջ պետք է սիրտ ու հոգի դրվի։ Եթե կարելի է մեկ ճակատագիր փրկել, ուրեմն ամեն ինչ պետք է դրվի այդ ճակատագիրը փրկելու համար»,– ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ սա ցավոտ և բարդ գործընթաց է, որը պահանջում է միասնական ու համբերատար մոտեցում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ քննարկման սկզբում նշել է, որ այս հանդիպումը վերջնական պատասխաններ չի կարող տալ, սակայն գործընթացը շարունակվելու է։

Քննարկմանը ներկա են եղել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազայանը, նրա տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ինչպես նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և այլ պաշտոնյաներ։

ԱԺ-ում տեղի ունեցած փակ քննարկումից հետո անհետ կորած զինծառայողների ծնողները դժգոհել են՝ նշելով, որ իրենց հարցերը պատասխաններ չեն ստացել, իսկ որոշ առանցքային խնդիրներ ընդհանրապես չեն քննարկվել։

«Մինչև մեր հարցերին պատասխան չլինի, դժգոհ ենք, բա ինչ ենք»,– ասել է անհետ կորած զինծառայողի ծնող Ազատ Գևորգյանը՝ հանդիպումից հետո, հայտնում է Armlur.am-ը։

Անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանն էլ նշել է, որ իրենց հարցերին սպառիչ պատասխաններ չեն տրվել։ Նրա խոսքով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անգամ ծնողներին առաջարկել է դուրս գալ, եթե քննարկման ձևաչափը նրանց չի գոհացնում։

«Ֆորմատն ի սկզբանե խախտված էր, ասացինք այս մասին, բայց պատասխանեցին՝ գոհացեք նրանով, ինչ կա։ Ալեն Սիմոնյանն ասաց՝ եթե այս ֆորմատը ձեռք չի տալիս, կարող եք գնալ։ Մենք էլ մտածեցինք՝ գնանք, թե մնանք, որոշեցինք մնալ՝ մեր հարցերի պատասխանները լսելու համար։ Լսեցինք, խոսքերը լսեցինք։ Արդյունքում՝ ինչ եղել է 4 ու կես տարի, նույնն էլ շարունակվում է, ոչ մի տարբերություն։ Ոչ մի փոփոխություն»,– նշել է Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ ամենակարևոր խնդիրներից մեկին՝ ԴՆԹ փորձաքննությունների հարցին, ընդհանրապես անդրադարձ չի եղել։

«Նախնական պայմանավորվել ենք՝ 30 օր հետո նորից հանդիպենք, իրենք էլ երևի ավելի պատրաստ կլինեն, քանի որ անգամ ՔԿ ղեկավարն այսօր պատշաճ ձևով պատրաստ չէր մեր հարցերին պատասխանելու»,– ընդգծել է նա։

Ավելի վաղ, Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ քննարկման ընթացքում հատուկ զեկույցով հանդես է գալու նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։ Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ևս մասնակցել են այս հանդիպմանը։

2024–ի դեկտեմբերի վերջին անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյանի պողոտան՝ հանդիպում պահանջելով պաշտոնյաների հետ, որոնք պետք է պատասխանեին իրենց հարցերին։

 Ուշագրավ
---