Արա Ղազարյան․ Միջազգային ատյաններում չեն ընդունի Բաքվում կորզված ցուցմունքները

Արա Ղազարյան․ Միջազգային ատյաններում չեն ընդունի Բաքվում կորզված ցուցմունքները

PanARMENIAN.Net - Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ Բաքվում ընթացող շինծու դատավարություններին, ասել է, որ միջազգային ատյաններում չեն ընդունի Բաքվում կորզված ցուցմունքները, հայտնում է «Ազատությունը»։

Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցների, Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցած հերթական նիստում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն, իբր, հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունը հրահրել են խորհրդային հետախուզական ծառայությունները և իրենք դարձել են դրա զոհը։

«Կոնֆլիկտը սկսեց հենց 88 թվականից՝ Սումգայիթից, իրենք փորձում են 88 թվականից վերագրել Հայաստանին որպես ագրեսոր երկիր, ուղղակի այն ժամանակ որպես Խորհրդային միության հետախուզական ինչ-ինչ ծրագրեր իրականացնող, հետագայում արդեն անկախ Հայաստանի ագրեսիվ ծրագրեր իրականացնող։ Սա քաղաքական վերլուծություն է, որ կարելի է անել», - նշել է Ղազարյանը։

Նա ընդգծել է, որ միջազգային իրավական համակարգում, սակայն, Բաքվում ճնշումներով կորզված ցուցմունքներն իրավական ուժ չունեն և լուրջ չեն ընդունվի։

«Իրավական գործընթացներում իրենք չեն նայում, թե մեղադրյալն ինչ է ասում, իրենք նայում են, թե մեղադրյալն ինչ պայմաններում է դա ասում, և այնտեղ կան մի քանի տասնյակ հիմնարար արդար դատաքննության իրավունքների մեջ մտնող չափանիշներ, որ պետք է համապատասխանի, որպեսզի այս ցուցմունքներն արժանահավատ լինեն», - նշել է նա։

Մասնագետը հավելել է, որ միջազգային մարմինները դրանց տակ չեն ստորագրի, չեն ընդունի որպես արժանահավատ ցուցմունք։

«Նրանք իրենց գիծն են առաջ տանելու, որ այդ դատավարությունը լեգիտիմ չէ, որ ցուցմունքները ստացել են խոշտանգումների արդյունքում, որ արդար դատաքննության երաշխիքներն ապահովված չեն, հետևաբար այն, ինչ ասվում է, կարելի է օգտագործել միայն ներքին խոհանոցում, բայց դուրս հանել՝ միջազգային հարթակներում կապիտալիզացնել, դա գուցե միայն ոչ հանրային քաղաքական բանակցություններում, իսկ Հաագայի կամ Ստրասբուրգի դատարանում դա չի աշխատելու», - ընդգծել է Ղազարյանը։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ նախկինում Արայիկ Հարությունյանն իբր հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի ընթացքում Գյանջայի հրթիռակոծման հրամանն ինքը չի տվել և նման իրավասություն չուներ։

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Բաքուն նպատակ ունի շինծու ցուցմունքներով ստեղծել հողի նախադրյալներ անգամ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։

«Ես կարծում եմ, որ երկու նպատակի կարող է ծառայել, առաջինը՝ բանակցային գործընթացում դառնալու է Հայաստանի դեմ լրացուցիչ շանտաժի միջոց, որով փորձ է արվելու բանակցային գործընթացում նորանոր զիջումներ կորզել Հայաստանի Հանրապետությունից և երկրորդը՝ որևէ մեկը չի կարող բացառել, որ համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պայմաններում Ադրբեջանը կարող է գնալ նաև որոշակի ուղղություններում ռազմական գործողությունների», - նշել է Աբրահամյանը։

Նրա կարծիքով՝ եթե նախկինում Ադրբեջանը Հայաստանին ագրեսոր էր ներկայացնում, ապա հիմա փորձում է միջազգային մակարդակում ֆաշիզմի մեղադրանքներ առաջ քաշել, մինչդեռ Հայաստանը, ըստ նրա, պատշաճ կերպով չի հակազդում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մինչ այդ չէր արձագանքել Ռուբեն Վարդանյանի ահազանգերին, օրեր առաջ հայտարարեց, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառվում են հոգեներգործուն արգելված նյութեր՝ նրանցից Հայաստանի դեմ ցուցմունքներ կորզելու համար։

«Ավելին՝ մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից։ Մենք շատ մտահոգված ենք այդ պրոցեսով», - նշել է նա։

Ադրբեջանական «Ազերթաջի» տեղեկացմամբ՝ դատավարությունը կշարունակվի փետրվարի 24-ին, որտեղ սպասվում է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ելույթը։

Արցախի նախկին ղեկավարներին մեղադրում են ծանր ռազմական հանցագործությունների մեջ՝ ներկայացնելով նրանց որպես ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ։ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը ընթանում է առանձին, իսկ նա արդեն երրորդ օրն է հացադուլի մեջ՝ իր բողոքը հայտնելով ադրբեջանական իշխանությունների գործողությունների դեմ։

Արցախի նախկին ղեկավարներից միայն Ռուբեն Վարդանյանին է հաջողվել ընտանիքի միջոցով հաղորդել, որ իր նկատմամբ կիրառվում են ճնշումներ, իսկ իրեն վերագրվող ցուցմունքները կեղծված են։ Նա պնդել է, որ փաստաթղթերը ստորագրվել են հարկադրանքի միջոցով։

Դատավարությունը ընթանում է փակ ռեժիմով, և անկախ լրատվամիջոցների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը չի թույլատրվում։ Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանին անգամ չեն թույլատրել մուտք գործել Բաքու, իսկ հայ մեղադրյալներին պաշտպանում են ադրբեջանցի փաստաբաններ։

 Ուշագրավ
---