Հովհաննես Իշխանյանը մերժել է իր օգտին ՄԻԵԴ վճիռը և փոխհատուցումը

Հովհաննես Իշխանյանը մերժել է իր օգտին ՄԻԵԴ վճիռը և փոխհատուցումը

PanARMENIAN.Net - Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը մերժել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ՄԻԵԴ-ի իր օգտին կայացրած վճիռը և մոտ 6000 եվրո փոխհատուցումը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

ՄԻԵԴ վճռով ճանաչվել է, որ 2015 թվականի էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի ցույցերի ընթացքում խախտվել են նրա ազատության և խաղաղ հավաքների իրավունքները։ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Հայաստանի կառավարությունը պարտավորվել էր նրան փոխհատուցել մոտ 6000 եվրո։

Իշխանյանը, սակայն, հայտարարել է, որ, չնայած ՄԻԵԴ-ի կատարած աշխատանքին, ինքը չի ընդունում այս որոշումն ու համապատասխան փոխհատուցումը։ Նա պարզաբանել է իր որոշման պատճռարները։

«Ես հրաժարվում եմ ՄԻԵԴ-ի իմ օգտին կայացրած որոշումից և փոխհատուցումից, քանի որ եվրոպական համայնքն օգնել է՝ դատական անկախությունը քայքայող ավտորիտար համակարգի ամրացմանը Հայաստանում, ժողովրդավար Արցախի հանձնմանը ավտորիտար Ադրբեջանին։

Հրաժարումս համերաշխություն է․ դատական իշխանության անկախության սկզբունքին, մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական արժեքներին, դատավորներին, որոնք պահպանում են այս սկզբունքները, ժողովրդավար Արցախին»,–ասվում է գրառման մեջ։

Իշխանյանն իր տեսաուղերձը ներկայացրել է անգլերեն լեզվով։

Փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) անօրինական է ճանաչել 2015 թվականին «Էլեկտրիկ Երևան» շարժման բողոքի ակցիայի ցրումը և հասարակական գործիչ, ակտիվիստ Հովհաննես Իշխանյանի կալանավորումը։

 Ուշագրավ
---