Սիմոնյանը սադրանք է համարել գերիների վերաբերյալ Օսկանյանի առաջարկը

Սիմոնյանը սադրանք է համարել գերիների վերաբերյալ Օսկանյանի առաջարկը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սադրիչ է որակել գերիների վերաբերյալ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկը՝ դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր բանակցությունները։

«Եթե պարոն Օսկանյանը նման բան է ասել, ես դա գնահատում եմ որպես սադրանք, որպես էսկալացիան բարձրացնելու հնարավորություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Սիմոնյանը՝ նշելով, որ անձամբ ծանոթ չէ ԱԳ նախկին նախարարի հայտարարությանը, գրում է Sputnik Արմենիան։

Փետրվարի 27-ին հրապարակված իր տեսաուղերձում Օսկանյանը պահանջել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարի բանակցությունների լիակատար դադարեցման և Ադրբեջանի հետ կապերի ընդհատման մասին՝ մինչև բոլոր հայ գերիներն ու պատանդները վերադառնան հայրենիք։

Ալեն Սիմոնյանը ընդգծել է, որ մինչ այժմ 150-ից ավելի հաստատված գերիներից շատերին հաջողվել է վերադարձնել՝ բանակցությունների և տարբեր միջնորդների օգնությամբ։

«Հիմա մնացել է հաստատված 23 հոգի, որոնցից 11-12-ը, եթե չեմ սխալվում, Ղարաբաղի նախկին ղեկավարներն են»,- ասել է Սիմոնյանը։

Անդրադառնալով պնդումներին, թե գերիների վերադարձի ուղղությամբ գործուն քայլեր չեն կատարվում, ԱԺ նախագահը շեշտել է, որ եթե այդ գործողությունները դառնան տեսանելի, ապա դա կարող է վտանգել նրանց վերադարձը։

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանում պահվող ռազմագերիների շարքում Հայաստանի իշխանությունների համար անցանկալի որևէ անձ չկա, և պետությունն ամեն կերպ շահագրգռված է նրանց բոլորի վերադարձով։

«Մենք շահագրգիռ ենք, ու որևիցե մեկի մոտ թող կասկած չլինի, որ որևիցե մի ռազմագերի, որևէ մի մարդ, որը Բաքվի դատարանում այդ ձևական դատավարության ընթացքում հանդիսանում է ամբաստանյալ, մեզ համար համարվում է անցանկալի անձ։ Նրանք մեր հայրենակիցներն են, նրանց վերադարձի համար բոլոր քայլերը արվել են և արվելու են»,- ընդգծել է Սիմոնյանը։

Նա հավաստիացրել է, որ գերիների հարցը մշտապես բարձրաձայնվում է բոլոր միջազգային քննարկումների ընթացքում՝ անկախ դրանց թեմատիկայից։

Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»։ Մեղադրյալների թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք։

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Փետրվարի 26-ին հայտնի է դարձել, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, քանի որ նա փետրվարի 19-ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում։

 Ուշագրավ
---