Միրզոյան․ ՀՀ-ն դինամիկ երկխոսություն է վարում Թուրքիայի հետ![]() 12 մարտի 2025 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ ՀՀ և Թուրքիայի միջև ընթանում է բավականին ակտիվ երկխոսություն, որի հիմնական նպատակն է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ «Հայաստանը չորս հարևան ունի։ Մեր արևելյան հարևանը Ադրբեջանն է, որի հետ մենք փորձում ենք հաստատել խաղաղություն և միջպետական հարաբերություններ՝ շրջելով տարածաշրջանում թշնամանքի էջը։ Մեր արևմտյան հարևանը Թուրքիան է, որի հետ Հայաստանի սահմանները փակ են արդեն երեք տասնամյակից ավել։ Այս պահին մենք բավականին դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ, որի նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը։ Մինչ այժմ մեզ հաջողվել է որոշակի փոքր, բայց շոշափելի քայլեր կատարել, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրականացվել»,- մանրամասնել է Միրզոյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա նաև հիշեցրել է, որ կողմերը արդեն համաձայնության են եկել սահմանը նախ երրորդ երկրների քաղաքացիների, ապա Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու շուրջ։ «Մենք արդեն համաձայնեցրել ենք, որ սահմանը նախ պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Վերջին կետն առայժմ կյանքի չի կոչվել, բայց մենք շարունակում ենք երկխոսությունը։ Եվ ևս մեկ անգամ, եթե հարաբերությունները լիովին կարգավորվեն, դա շահավետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող մի շարք այլ դերակատարների համար»,- պարզաբանել է ՀՀ ԱԳ նախարարը։ Անդրադառնալով Հայաստանի մյուս հարևաններին՝ Վրաստանին և Իրանին, Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն երկար տարիներ ունեցել է ամուր կապեր այս երկրների հետ և այժմ էլ կենտրոնացած է այդ հարաբերությունների հետագա զարգացման վրա։ «Մենք հասկանում ենք, որ դուք հատկապես հետաքրքրված եք Իրանի հետ հարաբերություններով, քանի որ աշխարհագրական տեսանկյունից, երբ դիտարկում ենք Հնդկաստանն ու Հայաստանը, ակնհայտ է, որ մենք ձգտում ենք խորացնել մեր կապերը։ Իհարկե, պետք է ուշադրություն դարձնենք նաև այն երկրներին, որոնք գտնվում են մեր միջև։ Եվ Իրանն, անկասկած, այն երկիրն է, որի հետ համագործակցությունը խորացնելու մենք մեծ հետաքրքրություն ունենք, այդ թվում՝ ձեր նշած եռակողմ ձևաչափում»,- նշել է Միրզոյանը։ 2024-ի հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |