Զարուհի Փոստանջյանն Ավինյանին մեղադրել է տնասպանության մեջ

Զարուհի Փոստանջյանն Ավինյանին մեղադրել է տնասպանության մեջ

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, որը երկար ժամանակ չէր մասնակցել նիստերին, ներկա է գտնվել ավագանու նիստի։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ եկել է Երևանի ավագանու նիստին՝ Տիգրան Ավինյանին մեղադրանք ներկայացնելու։

«Եկել եմ Երևանի ավագանու նիստին՝ Տիգրան Ավինյանին մեղադրանք ներկայացնելու։ Ես եկել եմ մեղադրելու Ավինյանին ցեղասպանության, տնասպանության, բնության սպանության, երեխաների ապրելու իրավունքը խախտելու մեջ»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա հավելել է, որ մեղադրանքները վերաբերում են կոռուպցիային։

«Մեղադրանքները վերաբերում են կոռուպցիայի մեջ մասնակցություն ունենալուն։ Հիմա ես ունեմ փաստական տվյալներ, որոնք ներկայացնելու եմ»,-ասել է Փոստանջյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե իր հայտարարություններն Ավինյանին համեմատում են Թալիաթի ու Էնվերի հետ, իսկ դա նշանակում է, որ նրան ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանից ավելի վատ կերպարով, նա արձագանքել է. «Մոտավորապես չէ, ինչ մնում է Նիկոլին՝ նրանք նույն խմբի անդամներ են։ Դուք 3 անուն տվեցիք, բոլորը հավասար են»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են մեր ազգի ցեղասպանության համար, պետք է պատասխանատվություն կրեն։

 Ուշագրավ
---