Բաքուն պետք է բանականություն դրսեւորի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը փոխանակ փնտրի հաշտեցման ճանապարհները, դարձյալ ձեռնամուխ է լինում ռազմատենչ հայտարարություններին եւ սպառնալիքներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է միջազգային հարաբերությունների գծով Մոսկվայի Պետական Ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: «Ես չեմ կարող համաձայնել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի այն հայտարարության հետ, որով նա պնդում է, թե Հայաստանի նախկին վարչակազմի հետ բանակցություններում ադրբեջանական կողմը շատ ավելիին է հասել, քան ներկայիս վարչակազմի հետ: Այդ խնդիրն ի հայտ եկավ դեռեւս նախքան Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումը: Ողջ իմաստը նրանում է, որ Բաքուն այժմ հրաժարվում է այդ հռչակագրից, բայց ակնհայտորեն ցույց չի տալիս դա»,- նշել է ռուս փորձագետը` ավելացնելով, որ նոյեմբերի 2-ին Մայնդորֆում Իլհամ Ալիեւը ստորագրեց հռչակագիրը, բայց արդեն մեկ ամիս անց նրա ռազմատենչ հայտարարությունները հակասում էին փաստաթղթի կետերին: «Պարզ է մի բան. բանակցություններում անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների անմիջական մասնակցությունը: Առջեւում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումն է Սանկտ-Պետերբուրգում: Հուսով եմ, որ այդ հանդիպման ընթացքում կողմերը բանականություն կցուցաբերեն: Դա առաջին հերթին վերաբերում է ադրբեջանական կողմին»,- հայտնել է Վլադիմիր Զախարովը:



«Չնայած տարածաշրջանում նոր իրադրության զարգացմանը, Հայաստանը, ցավոք, սկսել է բացասական ճնշում գործադրել խաղաղ գործընթացի վրա: Խաղաղ գործընթացում մենք ամեն ինչի հասանք Հայաստանի նախկին վարչակազմի հետ, ներկայիս վարչակազմի հետ մենք ոչնչի չհասանք: Ես` որպես մի մարդ, որը բանակցություններ է վարում, չեմ կարող հպարտանալ, որ մենք որեւէ տեղաշարժերի ենք հասել գոյություն ունեցող հարցերի շուրջ: Հայաստանում նոր մարդու իշխանության գալուց հետո կողմերը մի քայլ անգամ առաջ չեն գնացել»,- նախօրեին ասել էր Էլմար Մամեդյարովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---