Արշակ Սադոյանը կոչ է անում քաղուժերին միավորվել՝ նախընտրական դաշինք կազմելով

Արշակ Սադոյանը կոչ է անում քաղուժերին միավորվել՝ նախընտրական դաշինք կազմելով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու համար արտախորհրդարանական քաղաքական դաշտը պետք է միավորվի՝ հաղթահարելով առկա պառակտվածությունն ու ազդեցության պակասը։

Նա ընդգծել է, որ միայն հզոր նախընտրական դաշինքը, որը կմիավորի ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող ուժերին, կարող է հանրությանը ներկայացնել իրագործելի ծրագիր և ներկայացուցչական թեկնածուների ցուցակ, որն ընդունելի կլինի ընտրողների մեծամասնության համար։ Միևնույն ժամանակ, Սադոյանը նշել է, որ այս գործընթացում որոշակի դժվարություններ կառաջանան, սակայն դրանք պետք է հաղթահարվեն մինչև ընտրությունների պաշտոնական մեկնարկը։

Նա արձանագրել է, որ քաղաքական դաշտում առկա անվստահության ու հակասությունների հետևանքով հաշտեցման ուղիներ գտնելը բարդացել է։ Այդուհանդերձ, անհրաժեշտ է նախապատրաստական լայնածավալ աշխատանք իրականացնել՝ նախաձեռնող խումբ ձևավորելու միջոցով, որը կզբաղվի դաշինքի կազմակերպչական հարցերով։

Սադոյանը շեշտել է, որ այդ խումբը մեծ նշանակություն կունենա ծրագրային փաստաթղթերի համաձայնեցման և թեկնածուների ցուցակի կազմավորման հարցում։ Նա կարևորել է հանրային քննարկումների կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա քաղաքական ուժերին բացահայտ ներկայացնել իրենց մոտեցումները։

Նրա խոսքով՝ դաշինքի ձևավորման գործընթացը պետք է նպաստի երկրում քաղաքական մշակույթի փոփոխությանը՝ այն տեղափոխելով գաղափարական հիմքերի վրա։ Սադոյանը նշել է, որ ժամանակն արդեն սուղ է, ուստի անհրաժեշտ է արագ գործել՝ նախընտրական քարոզարշավի նախապատրաստումը սկսելով արդեն այս տարեսկզբից։

Այդ նպատակով, նախ պետք է հանրությանը ներկայացվի դաշինքի ստեղծման գաղափարական հիմքերը, նպատակները և ծրագրային առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ այն պետք է միավորի ազգային շահերին հետամուտ քաղաքական ուժերին։

Սադոյանը նշել է, որ նախընտրական ցուցակի ձևավորման հարցը հաճախ խոչընդոտում է նման դաշինքների ձևավորմանը, քանի որ անհամաձայնություններ են առաջանում ցուցակի առաջին համարի և թեկնածուների հաջորդականության վերաբերյալ։ Այս խնդրի լուծման համար առաջարկվում է անցկացնել հանրային հարցում՝ դաշինքին մասնակցող ուժերի թեկնածուների նկատմամբ հասարակության վերաբերմունքն ուսումնասիրելու նպատակով։

Նախաձեռնող խումբը պետք է ապահովի հարցման օբյեկտիվությունը՝ կազմակերպելով լայնածավալ հանրային քննարկումներ, ինչը հնարավորություն կտա քաղաքական ուժերին ներկայացնել իրենց մոտեցումները, իսկ հանրությանը՝ տեղեկանալ նրանց ծրագրերի մասին։

Նա նաև առաջարկել է ստեղծել առցանց հարթակ, որտեղ ներգրավված ուժերը և նրանց համախոհները կկարողանան կազմակերպել քննարկումներ՝ մեծացնելով դաշինքի ճանաչելիությունը։

Սադոյանը շեշտել է, որ անհրաժեշտ է բացառել ներգրավված ուժերի նկատմամբ ցանկացած պարտադրանք կամ վարչական ճնշում՝ նպաստելով համագործակցության առողջ մթնոլորտի ստեղծմանը։

Վերջում նա ընդգծել է, որ միայն միասնական և լավ կազմակերպված ջանքերի միջոցով հնարավոր կլինի հասնել լուրջ արդյունքների՝ կոչ անելով քաղաքական ուժերին և անհատներին միանալ նախաձեռնող խմբի աշխատանքներին։

ՀՀ–ում առաջիկա համապետական ընտրությունները 2026–ի խորհրդարանական ընտրություններն են լինելու։

 Ուշագրավ
---