«Ականատեսը» մտահոգություն է հայտնել Գյումրիում վարչական լծակների կիրառման վերաբերյալ

«Ականատեսը» մտահոգություն է հայտնել Գյումրիում վարչական լծակների կիրառման վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ խնդրահարույց է համարում վարչական լծակների միջոցով Գյումրիում իշխանական թեկնածուի դիրքերը բարելավելու փորձը:

«Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ խնդրանքով պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվի Գյումրու Շիրակացի փողոցը։ Շնորհակալ եմ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին և Կառավարությանը»։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հաստատել է, որ Սարիկ Մինասյանի առաջարկությամբ Շիրակացի փողոցի հիմնանորոգման հարցը ներառվել է պետական բյուջեի ֆինանսավորման ծրագրում, և առաջիկայում կմեկնարկեն մրցութային փուլն ու շինաշխատանքները՝ ընդգծելով, որ Շիրակացի փողոցը «շատ կարևոր, Գյումրիի համար կարևոր նշանակություն ունեցող փողոցներից մեկն է»։

Սակայն ուշագրավ է, որ դեռևս 2024թ․ մայիսի 16-ին նույնաբովանդակ գրավոր ուղերձով ՀՀ կառավարությանն էր դիմել Գյումրի համայնքի ավագանին՝ 26 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով (կետ 18)։

Ուղերձում ավագանին ակնկալել էր ՀՀ կառավարության անմիջական աջակցությունն ու ներգրավվածությունը Ա․ Շիրակացի և Մ․ Խորենացի փողոցների հիմնանորոգման հարցում։ Սակայն այս դիմումին կառավարությունը դրական արձագանք չի տվել, մինչդեռ իշխանական թեկնածուի նույնաբովանդակ «խնդրանքին» ընտրությունների շրջանում անհապաղ դրական արձագանք է տրվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Այս իրավիճակը, ըստ «Ականատեսի», ակնհայտորեն վկայում է վարչական լծակների օգտագործման մասին՝ նախընտրական մրցապայքարում իշխանական թեկնածուի դիրքերն ամրապնդելու նպատակով։

«ՏԻՄ կառավարումն ընտրությունների շրջանում պետք է ընթանա բնականոն կերպով, առանց վարչական ռեսուրսների այնպիսի կիրառման, որն իշխող կուսակցության կամ թեկնածուների համար անարդար առավելություն կստեղծի մրցակիցների նկատմամբ։ Նման գործողությունները խաթարում են ընտրական գործընթացների հավասարության սկզբունքը և ազդում ընտրողի կարծիք ձևավորելու ազատության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։

 Ուշագրավ
---