Վարդան Ղուկասյան․ Մարդ կա իր ընտանիքի համար մի զուգարան չի կառուցել՝ օդի խոսքերին չհավատք![]() 19 մարտի 2025 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ելույթ ունենալով Գյումրու «Մուշ» թաղամասում, սուր քննադատություն է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հասցեին։ «Երկիրը հանձնող, 14 հազար քառակուսի մետր թուրքին հանձնող, 12 քաղաք, 241 գյուղ, 388 եկեղեցի, 60 գործարան, 50 հանք, 388 դպրոց, պատկերացրեք և էսպես շարունակական կարող եմ թվել»,- հայտարարել է Ղուկասյանը, հայտնում է Aravot.am-ը։ «Օդի միջի խոսքերի չհավատաք, թե երկնքից արեգակ կիջեցնենք, սուտ է, եթե մեկը իր ընտանիքի համար մի զուգարան չի կառուցել, էսքան քաղաք կառուցողին եթե չպիտի հավատաք, ուրեմն Աստծո անեծքը թափել է ձեր գլխին։ Ընտրեք արժանագույն ձևով»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունն արդեն 7 տարի զբաղեցնում է պետական կառույցները, բայց շարունակում է մեղքը բարդել նախկինների վրա՝ առանց որևէ իրական լուծում առաջարկելու։ «Ես կարող եմ ասել՝ եթե էդպես է, Հայաստանի Հանրապետության բոլոր հանքերը պատկանում են նախկիններին, բա ինչո՞ւ չես բացահայտել։ Ամբողջ հանքերը դրված են օֆշորներում։ Էս մարդիկ իրենց սպառել են»,- նշել է նախկին քաղաքապետը։ Ցույց տալով Գյումրու «Մուշ» թաղամասի շենքերը՝ Ղուկասյանն ընդգծել է, որ դրանք կառուցվել են իր և իր ընկերների ջանքերով, սակայն իր հեռանալուց հետո 500 բնակարանի շինարարությունը դադարեցվել է, և նոր բնակարաններ չեն կառուցվել։ Նրա պնդմամբ՝ կառավարության անդամները միայն մասնակցել են «Հայաստան համահայկական հիմնադրամի» կառուցած շենքերի բացման արարողություններին, բայց իրականում որևէ կառուցողական աշխատանք չեն կատարում։ Նա խիստ քննադատության է ենթարկել իշխանություններին՝ փոքր և միջին բիզնեսի զարգացմանը չաջակցելու համար, նշելով, որ սա արվող քաղաքականություն է՝ մարդկանց երկրից դուրս մղելու նպատակով։ «12 միլիարդ դոլար վերցրել են, երկրին գցել են պարտքի տակ, 12 աշխատատեղ չեն ստեղծում, հատուկ թուրքական քաղաքականություն է, հիշեք հատուկ թուրքական»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ գործարարների 30-40 տոկոսը գտնվում է դատարաններում։ Ղուկասյանը նաև մատնանշել է, որ նորմալ երկրներում երեխաներին մինչև 18 տարեկանը պետական աջակցություն է տրվում, մինչդեռ Հայաստանում կառավարությունը որևէ նման նախաձեռնություն չի իրականացնում, այլ միայն ճնշում է հասարակությանը։ Անդրադառնալով իշխող ՔՊ կուսակցության ծրագրերին՝ նա նշել է, որ դրանք որևէ իրական բարեփոխում չեն նախատեսում Գյումրու համար։ «Երբ ինքը գա, ողջ քաղաքով կբռնեն կառավարության կոկորդից ու կասեն՝ «հերիք թոզ փչեք, լուրջ ծրագիր ներկայացրեք»»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ ՔՊ-ն միանշանակ չի մնա իշխանության։ Նա կոչ է արել ընտրողներին ուշադիր լինել և չընտրել անհիմն պատճառներով՝ միայն բարեկամական կապերի հիման վրա։ «Ես տեսնում եմ ինչ-որ մի տղա կա, ասեմ ձեզ, մի հատ տղա կա, որոշակի հարգանք ունեմ, բայց երբ որ միացել է ՔՊ-ին, ես էլ չեմ կարող նրան ընդունել ճիշտ մարդկային տղա, ազգի դավաճանի հետ ով ճանապարհ է գնում, ուրեմն նույն մարդն էլ ինքն է»,- հայտարարել է թեկնածուն։ Բացի այդ, նախկին քաղաքապետը ընդգծել է, որ ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչներ կրթություն են ստացել Թուրքիայում։ «Սրանց 90 տոկոսը կրթություն են ստացել Թուրքիայում, հլը սրանց կենսագրականը նայեք, 90 տոկոսը վերապատրաստվել են մեր դարավոր թշնամու երկրում, սա ի՞նչ է նշանակում, եթե խորանանք, դրա տակ ամեն ինչ կգտնենք»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր են միայն Հայոց ցեղասպանության ընդունման և հայ ժողովրդից ներողություն խնդրելու դեպքում։ Նա անդրադարձել է նաև ադրբեջանցիներին՝ նշելով, որ նրանք ընդամենը 100 տարվա պետություն ունեն, մինչդեռ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն իջեցնում է գլուխը, երբ Ադրբեջանը հայոց պատմական հողերը համարում է իր սեփականությունը։ Անդրադառնալով հայոց պատմության դասավանդմանը՝ Ղուկասյանը քննադատել է այն փաստը, որ որոշ դպրոցներում փորձ է արվում վերացնել պատմության դասերը։ Նա նաև նշեց, որ հասել ենք մի կետի, երբ նույնիսկ կաթողիկոսի հանդեպ հարգանք չի պահպանվում։ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |