Փաշինյան. Ալիևին առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ

Փաշինյան. Ալիևին առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Այդ մասին մեկ անգամ ևս ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ արված մեկ այլ գրառմամբ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ պատրաստ է ստորագրել արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
---