Ավագանու անդամ․ Սարիկի PR-ը ֆինասավորելուց առաջ Երևանի շների հարցը թող լուծեն

Ավագանու անդամ․ Սարիկի PR-ը ֆինասավորելուց առաջ Երևանի շների հարցը թող լուծեն

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը քննադատել է մայրաքաղաքի բյուջեից 30-40 մլն դրամի փոխանցումը Գյումրիի շների ստերջացման համար՝ առանց հստակ հիմնավորման։

Նա նշել է, որ եթե անգամ Գյումրիում շները շատ են, եթե այդ 30-40 միլիոնը բաժանենք եղած շների քանակին, ապա կարող է ստացվել, որ ամեն շան համար Երևանից հատկացրել են 1 մլն դրամ, հայտնում է «Փաստինֆոն»։

Գյումրիում մեկնարկել է թափառող շների ստերջացման համալիր ծրագիրը: Այդ մասին հայտնել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը՝ նշելով, որ այն հնարավոր է դարձել Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աջակցությամբ>

Նա ընդգծել է, որ նախօրեին տեղի ունեցած ավագանու նիստում փորձել է ստանալ այն հարցի պատասխանը, թե ով և ինչպես է որոշում կայացրել փոխանցել այդ գումարը, սակայն որևէ պատասխան այդպես էլ չի ստացել։

Ավագյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը գումար է փոխանցել Գյումրիում գործող համանման կենտրոնին, ինչը, նրա խոսքով, աննախադեպ դեպք է, երբ մեկ համայնքի բյուջեից նման կերպ գումար է հատկացվում մյուսին։

«Գյումրիում մի քանի լուրջ հարց կա, փողոցներն ու շները, որոնց մասին քաղաքապետի ընտրությունների նախաշեմին խոսում են բոլոր թեկնածուները՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը։ Հիմա երևանցիների հաշվին փորձում են այդ հարցը լուծել, բայց իրականում Սարիկի PR-ն են անում»,– ասել է Ավագյանը։

Ավագյանը նաև հավելել է, որ շների տեղափոխման համար օգտագործվող մեքենաները վրացական համարներով են, ինչը, ըստ նրա, անթույլատրելի է պետական կառույցների համար։

«Ես ահազանգ ունեմ, որ հենց Երևանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ, առավոտյան երեխաները ծնողների հետ զբոսնելիս են եղել, ու նրանց վրա 5-6 շուն է հարձակվել։ Սարիկի PR-ը ֆինանսավորելուց առաջ Երևանի շների հարցը թող լուծեն»,– ընդգծել է նա։

 Ուշագրավ
---