Թանդիլյան. Այս իշխանությունը գերիների թեման մոռացության մատնելու հակում ունի

Թանդիլյան. Այս իշխանությունը գերիների թեման մոռացության մատնելու հակում ունի

PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանն ու մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ գործադիրն ակտիվ քայլեր ձեռնարկի Բաքվի բանտերում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ։

Լրագրողների հետ զրույցում Թանդիլյանն ասել է, որ այս իշխանությունը գերիների թեման մոռացության մատնելու հակում ունի, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ կառավարությունից հանդիպում չեն ակնկալում։

«Այս իշխանությունը շարունակում է ամբարտավան պահվածքը՝ ասելով, թե ինչ պետք է անեն Հայաստանի կառավարությունը, որ չի անում։ Մենք բոլորս գիտենք, որ ոչինչ չեն ձեռնարկում, բայց այսօրվա ակցիայով ցանկանում ենք հիշեցնել, ինչ պետք է արվի, որ չի արվում։ Էլ չենք ասում, թե ինչեր են անում, որ խանգարում է գերիներին»,- ասել է նա։

Թանդիլյանը հավելել է, որ իրենք շարունակելու են տարբեր միջոցներով այս հարցը պահել ուշադրության կենտրոնում։

«Մենք պետք է ցույց տանք նաև աշխարհին, որ չծաղրեն Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ քաղաքացիներին»,- հավելել է Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն իշխանություններին հուշել է, թե ինչ քայլեր պետք է արվեն, նաև կոչ արել չեզոք երկրներին ներգրավել, որոնց անդամները, դեսպանատան աշխատակիցներն առնվազն մասնակից լիեն Բաքվի դատավարական ֆարսին, հայտնում է Aysor.am-ը։

«Գոնե այդպես կունենանք ինֆորմացիայի երկրորդ աղբյուր։ Այժմ ունենք ադրբեջանական պետական լրատվամիջոցների ինֆորմացիան, և պետք է խնդրեմ, հորդորեմ չքննարկել ու չքննադատել այդ լրատվության միջոցով եկած որևէ տեղեկատվություն՝ պատանդների խոսքից»,-ասել է նա։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։

 Ուշագրավ
---