Սիմոնյանը՝ Փաշինյանի Մոսկվա այցի մասին․ Դա նաև մեր հաղթանակն է՝ 300,000 զոհ ենք տվել

Սիմոնյանը՝ Փաշինյանի Մոսկվա այցի մասին․ Դա նաև մեր հաղթանակն է՝ 300,000 զոհ ենք տվել

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցին, հայտարարել է, որ դա նաև մեր հաղթանակն է ֆաշիզմի դեմ:

«Դա մեր հաղթանակն է, մենք 300 հազար զոհ ենք տվել և գնում ենք տոնելու մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ։ Կարծում եմ, որ պետք է մասնակցի: Ենթադրում եմ, որ, այո՛, կմասնակցի», – ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Սիմոնյանը նաև ընդգծել է՝ այդ միջոցառումներին մասնակցությունը նաև միջազգային տարբեր շփումներ ունենալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն է:

«Այսինքն՝ բոլորը բոլորի հետ պիտի խոսեն, իսկ մենք, որպեսզի բոլորին չնեղացնենք, պետք է փորձենք բոլորի համար լա՞վը լինել: Կա ՀՀ շահ, կա ՀՀ կարծիք, որ ես այս կարծիքն ունեմ, ես այս ուղղությունն ունեմ, ու գործողություններ, որոնք անում ենք միջազգային հարթակներում: Թե ո՞վ կգնա այնտեղ, ո՞ւմ կժպտա, ո՞ւմ կբարևի՝ դա քաղաքականություն է: Ինչպես ասել եմ՝ քաղաքականությունը մեծ առևտուր է», – նշել է ԱԺ խոսնակը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մայիսի 9–ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին և մյուս միջոցառումներին։

 Ուշագրավ
---