Ալեքսանյան․ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը տոտալ հաղթել է՝ ընդդիմությունն էլ չի խոսում ԼՂ–ից, Կարսից

Ալեքսանյան․ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը տոտալ հաղթել է՝ ընդդիմությունն էլ չի խոսում ԼՂ–ից, Կարսից

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ, խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը, ասել է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում տոտալ հաղթել է՝ «ընդդիմադիրներն այլևս չեն խոսում Լեռնային Ղարաբաղից, Կարսից, այլ բաներից»։

«Խիստ ողջունում եմ, որ ԱԺ ընդդիմադիր թևը լիովին ու ամբողջությամբ ընդունել է ՀՀ գաղափարախոսությունը: Կատարելապե՛ս: Մեր ընդդիմադիր թևը այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք ՀՀ-ից դուրս են, խոսում է միայն ՀՀ ներսի խնդիրների մասին: Այնպես որ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ: Մեր ընդդիմությունն այդ հաղթանակի վառ վկայությունն է»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Պատգամավորը հիշեցրել է, որ նախկինում անձամբ հորդորել է ընդդիմությանը վերադառնալ իրական Հայաստանի քաղաքական դաշտ և կենտրոնանալ երկրի ներսում առկա խնդիրների վրա։

«Ողջունում եմ, որ դա սկսել եք անել, որ վերջապես էլ չեք խոսում ԼՂ-ից ու մնացածից, ու ձեզ համար առանցքային, քաղաքական բանը մի կողմ եք թողել ու խոսում եք իրական Հայաստանի խնդիրներից, բայց դա էլ որակով արեք, խնդրում եմ»,- ասել է նա:

 Ուշագրավ
---