Կոստանյան. ՀՀ–ն կառուցողական է գնահատում Տիրանայում Փաշինյան-Ալիև հանդիպումը

Կոստանյան. ՀՀ–ն կառուցողական է գնահատում Տիրանայում  Փաշինյան-Ալիև հանդիպումը

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հայկական կողմի գնահատականով Տիրանայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել։

«Մեր գնահատականով հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել, և երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ: Մենք կարծում են, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումներն ադրբեջանական կողմի հետ»,-նշել է Կոստանյանը, հայտնում է Արմենպրեսը։

Կոստանյանը կարևորել է այն փաստը, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումները խաղաղության պայմանագրի և այդ օրակարգի առաջմղման ուղղությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղղված առաջարկին՝ մանրամասնելով, որ այդ առումով Ադրբեջանից դեռևս վերջնական արձագանք չկա:

«Կարծում եմ, որ խաղաղության գործընթացի ընդհանուր քննարկումների համատեքստում այս թեման ևս պիտի լինի կողմերի միջև սպասվող հետագա քննարկումների օրակարգում»,-ասաց Կոստանյանը։

Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների հարցին՝ Կոստանյանն ընդգծել է, որ նրանց ապօրինի կալանքի խնդիրը մշտապես ընդգրկված էԵրևանի օրակարգում և տարբեր հանդիպումների ընթացքում շարունակաբար բարձրացվում է։

Փոխարտգործնախարարը կարևորել է նաև խաղաղության պայմանագրի հնարավոր արագ ստորագրման հանգամանքը՝ ընդգծելով, որ դա թույլ կտա կողմերին անցում կատարել տարածաշրջանային համագործակցության և ժողովուրդների համակեցության կառուցման փուլին։

Նա անդրադարձել է նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովին՝ նշելով, որ այս տարվա մասնակիցների թիվը զգալիորեն ավելացել է՝ համեմատած նախորդ տարվա հետ։

«Մենք ունենք մոտ 300 մասնակից՝ 40 երկրից: Բացի այդ, մեծացել է նաև բարձրաստիճան մասնակիցների քանակը»,-նշել է Կոստանյանը՝ հավելելով, որ արդեն կարելի է խոսել միջոցառման հաջողության մասին, քանի որ այն դարձել է արդյունավետ հարթակ ինչպես քննարկումների, այնպես էլ պաշտոնյաների փոխադարձ հանդիպումների համար։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ցուցաբերել են փոխադարձ աջակցություն՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներն իրենց երկրներում անցկացնելու հարցում։ Հայաստանը կընդունի գագաթնաժողովը 2026–ի գարնանը, իսկ Ադրբեջանը՝ 2028–ին։ Այդ մասին հայտարարվել է Տիրանայի հանդիպումից մի քանի օր անց։

 Ուշագրավ
---