Միրզոյան․ Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, մենք դա տեսել ենք սեփական փորձով

Միրզոյան․ Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, մենք դա տեսել ենք սեփական փորձով

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի բացման խոսքում, անդրադառնալով գլոբալ հակամարտություններին, ասել է, որ Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, հայերը դա տեսել են սեփական փորձով:

«Աշխարհը վերափոխվում է իր աշխարհաքաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական և կլիմայական սեյսմիկ փոփոխությունների արդյունքում։ Ազգերն այս խառնաշփոթի մեջ կորցնում են իրենց կողմնացույցը։ Եվ այդ փոփոխությունների վերաբերյալ միայն մեկ բան է հաստատ. մենք բոլորս գիտենք, որ այդ փոփոխությունների միջոցով ձևավորվող ուղին և վերջնական նպատակակետը դեռևս մնում են հսկայական Անհայտություն։

Վերջին մի քանի տարիներին մենք շատ ենք խոսում անորոշությունների, անսովոր երևույթների և աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասին. բաներ, որոնք ոչ ոք չէր հավատա, որ կարող են տեղի ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Երբեմնի կայուն միջազգային կարգի հիմքերը լրջորեն սասանվել են։ Միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, որոնք ժամանակին համարվում էին սուրբություն, այսօր կորցրել են իրենց կշիռը։ Դրանք այժմ թվում են պարզապես գեղեցիկ բառեր են, որոնք ձևակերպված են հռչակագրերում և կանոնադրություններում, սակայն շատ հաճախ անօգուտ են։

Մենք ականատես ենք դառնում հումանիտար ճգնաժամի խորը վերքերին. սովը կլանում է համայնքներ, մատակարարման շղթաները խաթարված են, իսկ ահաբեկչության, ատելության խոսքի և անհանդուրժողականության ստվերները վտանգում են մարդկային արժանապատվության և համակեցության ամենախորը հիմքերը։ Էթնիկ զտումներն այլևս հեռավոր սարսափ չեն։ Դրանք տեղի են ունենում հենց մեր աչքի առաջ, և մենք դրանց ականատես ենք եղել անմիջականորեն մեր սահմաններին»,–ասել է նախարարը։

Միրզոյանի գնահատմամբ՝ Հայաստանի ընտրած ուղին հստակ է՝ հաղթահարել հակադրությունները, խթանել համագործակցային մթնոլորտը, ամրացնել փոխկապակցվածությունը և ապահովել կայուն տնտեսական առաջընթաց, զարգացնել նորարարական ու ճկուն կարողությունները, խորացնել ժողովրդավարական ինստիտուտներն ու օրենքի գերակայությունը՝ միևնույն ժամանակ առաջնահերթություն տալով մարդկային ներուժի ձևավորմանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---