Վարչապետ․ Ադրբեջանի բարձրացրած խնդիրները լուծելու ուղին պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը

Վարչապետ․ Ադրբեջանի բարձրացրած խնդիրները լուծելու ուղին պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Խաղաղության պայմանագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ և ունի ներկայումս, ուստի ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից բարձրացված խնդիրները լուծելու ճանապարհը պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը:

Նա նշել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան մտահոգիչ դրույթներ։

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի, բայց մենք այդ հարցը առանձին չենք բարձրացրել, քանի որ համարել ենք, որ պայմանագրի տեքստում այդ հարցը կհասցեագրվի. մեր մոտեցումը սա է»,- նշել է վարչապետը, հայտնում է 1lurer.am-ը։

«Իմ դիրքորոշումը, իմ կոչը հետևյալն է. մենք պետք է կենտրոնանանք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, և ես վերահաստատում եմ, որ ես, մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվելու և ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը տևական և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում ունենալու համար»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---